Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանության վիճակը կվատանա. լեհ վերլուծաբան

Ադրբեջանի իշխանության վիճակը կվատանա. լեհ վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եւս մեկ ընտրական հաղթանակ այլեւս չի կարող սքողել Ադրբեջանի իշխանության կառուցվածքում սկսված ճեղքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Transitions Online» պորտալում հրապարակված հոդվածում գրում է Վարշավայի արեւելյան հետազոտությունների կենտրոնի Թուրքիայի, Կովկասի եւ Միջին Ասիայի դեպարտամենտի աշխատակից Ալեքսանդրա Յարոշեւիչը:

«Պետք չէր գլուխ ջարդել ասելու համար, որ Ադրբեջանի վերջին խորհրդարանական ընտրութունները ոչ մի լուրջ փոփոխության չէին տանելու: Ռեժիմը դժգոհներին ձերբակալել էր, լռեցրել, դիտորդներին արգելանքներ էր դրել, ազդեցիկ քաղաքական ընդդիմությունն էլ հաղթելու շանս չուներ: Սակայն փոփոխություն տեղի չունենալը չի նշանակում, որ այդ համակարգը իմունիտետ ունի ցնցումների դեմ: Ընտրությունից քիչ առաջ Ազգային անվտանգության նախարարությունում տեղի ունեցածները, ադրբեջանցի դիվանագետների հետ կապված աղմուկը, տնտեսական վիճակի վատացումը համակարգի շարունակականության մասին հարցեր են ստեղծել», -գրում է հեղինակը:

Անդրադառնալով ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակին, ընտրությունների մոնիտորինգից ԵԱՀԿ դիտորդների հրաժարվելու եւ քաղաքացիական հասարակության, լրագրողների վրա ճնշումների հետ կապված Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, հեղինակը գրում է.

«Այս քայլերը ցույց են տալիս, որ իշխող վերնախավը նպատակային կերպով վնաս է հասցրել Արեւմուտքի, ԵԱՀԿ-ի հետ երկարաժամկետ հարաբերություններին: Այդ քաղաքականությունը ծնվում է վախից: Երկու տարի առաջ Կիեւի «Մայդանում» սկսված բողոքներից հետո իշխող վերնախավը զգուշանում է Բաքվում նման սցենարի կրկնությունից: Նրանք կասկածում են, որ Արեւմուտքը բորբոքում է դժգոհներին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը բացահայտ Արեւմուտքին մեղադրել է իրենց կառավարությունը տապալելու ցանկություն ունենալու մեջ: Սակայն, Ազգային անվտանգության եւ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում տեղի ունեցածներից, որոշ դիվանագետների աշխատանքից հեռացվելուց հետո վերնախավը պետք է վախենա միայն հանրային դժգոհությունից եւ արտաքին պլաններից», -ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ նավթային եւ գազային եկամուտները նվազելու դեպքում, թուլանում է նաեւ տնտեսությունը: Ադրբեջանի կառավարության եկամուտների 65 տոկոսը ստացվում է նավթի եւ գազի հաշվին, արտահանման 90 տոկոսը կազմում է նավթն ու գազը: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը եկող տարի կարող է չգերազանցել 2,5 տոկոսը:

Հեղինակը գրում է, որ էներգակիրների գների իջնելու հետ տնտեսության դանդաղումը դժվարացնում է Ադրբեջանի կառավարության սոցիալական խոստումների կատարումը, ինչը բերելու է հանրային դժգոհության, ժողովրդի եւ իշխող դասի միջեւ կապիտալի անդունդի խորացմանը:

«Այդ բոլորը նշանակում է, որ մեծանալու է նաեւ ավտորիտարիզմը: Դա որոշակի ռիսկեր է ծնում 2003 թվականին իշխանությունը հիվանդ հորից ժառանգած Ալիեւի համար: Նրա կողմից իրագործվող ռեպրեսիաները կարող են ուժեղացնել հանրային դժգհությունը եւ գործի գցել ներքեւներին: 2013 թվականի հունվարին Իսմայիլլիում նման հակակառավարական բողոքներ են տեղի ունեցել: Այդ ցույցերից հետո ոստիկանությունն ուժեղացրել է ճնշումները, իսկ վերջին երկու տարիներին դիսիդենտների, մարդու իրավունքների ակտիվիստների, լրագրողների ձերբակալությունները սովորական վիճակի են վերածվել», -անփոփել է հոդվածագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]