Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում նոյեմբերի 25-ին միաժամանակ մոտ 20 վայրում տեղի են ունեցել հատուկ գործողություններ

Հայաստանում նոյեմբերի 25-ին միաժամանակ մոտ 20 վայրում տեղի են ունեցել հատուկ 
գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարբեր ֆեյսբուքյան օգտատերերին հուզող հարցեր ու տվել դրանց պատասխանները: Մալյանը նաև ընդգծել է, որ Երևանում նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի զինամթերքն ու պայթուցիկ նյութերը 10 անգամ ավելի էին Փարիզում նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ակաբեկչության ժամանակ օգտագործվածից ու հետագայում առգրավվածից: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցուպատասխանը որոշակի տեխնիկակական խմբագրումներով:

Հարց 1. Շուրջ երկու օր է սոցցանցերով շրջանառվում է այն մեղադրանք-հարցը, որ առանձնատունը, որտեղ իրականացվել է զինված խմբավորման ձերբակալությունը, ցերեկվա ժամերին հասանելի է եղել լրագրողների համար:
-Այս հարցը զուրկ է որևէ հիմնավորումից, որովհետև մինչև առաջին լրագրողի առանձնատուն մուտք գործելը, շուրջ 9 ժամ ներսում աշխատել են տարբեր պրոֆիլի իրավաբաններ` քրեագետներ, հետքաբաններ, մատնահետքաբաններ, քննիչներ և այլն: Իրականացվել է խուզարկություն, տեղազննություն, ձերբակալվածներից վերցվել են մատնահետքեր, բացատրություններ, կազմվել են արձանագրություններ: Իրականացվել է օրենքով նախատեսված գործողությունների ողջ սպեկտրը և այդքանից հետո միայն իրավապահները ձերբակալվածների հետ միասին լքել են առանձնատան տարածքը: Լքելուց հետո առանձնատունը որևէ նշանակություն չի ունեցել հետագա գործի համար և, քանի որ այն մասնավոր սեփականություն է, մարդկանց հետագա ներսուդուրսը որոշել է առանձնատան սեփականատերը:

Հարց 2. Ինչո՞ւ ԱԱԾ հատուկ ջոկատայինները մտան БРДМ-ի օգնությամբ երկրորդ հարկից, այնինչ կարող էին դարպասը բացել:

-Հատուկ ջոկատայինները յուրաքանչյուր գործողությունից առաջ կազմում են տվյալ գործողության մանրամասն պլան` հիմնվելով ոչ թե ֆեյսբուքյան ստատուսների, այլ օպերատիվ տվյալների, վտանգի իրական գնահատման, ուժերի գրագետ բաշխման, անկախատեսելիության գործոնի (վերջինս հանդիսանում է զինված բախման բացառման գլխավոր նախապայմանը), մասնագիտական պարապմունքների միջոցով ստացած հմտությունների և այլ բազմաթիվ օբյեկտիվ գործոնների հիման վրա:
Իհարկե, տվյալ հարցը գրողները, երբ իրենք անձամբ կգնան զինված խմբավորում վնասազերծելու, կարող են կինոներից իրենց տեսածները փորձել կյանքում օգտագործել: Ասենք` մատաղի փող հավաքողի անվան տակ ծեծեն դարպասի դուռը և բոլորին վնասազերծեն:

Հարց 3. Իսկ եթե զինված խմբի հանցակիցները լուրերով տեսնեի՞ն ու մի բան պայթացնեի՞ն:
-Այս հարցադրման հեղինակները կարծում են, որ իրավապահ մարմինները գրոհից 20 րոպե-կես ժամ առաջ իմացան ու աճապարեցին Նորք-Մարաշ: Խմբավորումը երկար ժամանակ եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրանց վնասազերծման ժամանակը, ձևը ու վայրը ընտրվել է ոչ թե ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում` այլ բազմաթիվ գործոններ հաշվի առնելով: Նույն վայրկյանին տեղի են ունեցել մոտ 2 տասնյակ միջոցառումներ: Առանձնատան գրոհը դրանցից ընդամենը մեկն էր:

Հարց 4. Զինված խմբավորման անդամներն ունե՞ն արդյոք աջակիցներ, ովքեր դեռևս ազատության մեջ են:
-Իհարկե ունեն, մանրամասները, իհարկե, նախաքննության ընթացքում կերևա, սակայն միամտություն կլիներ կարծել, թե բոլոր հանցակիցները հավաքվել էին մի տեղ ու սպասում էին իրավապահներին:

Հարց 4.1. Իսկ ի՞նչ պետք է անեն ազատության մեջ գտնվող հանցակիցները:

-Ճիշտ է... հնարավոր բոլոր մեթոդներով աղաղակեն քաղաքական հաշվեհարդարի մասին և իրենց ազդեցության տակ գցեն կայուն տեսակետ չունեցող զանգվածին` ներշնչելով, թե անարդարության դեմ են պայքարում:
Կարծում եմ` նախաքննության ընթացքում շատ մարդիկ կկարմրեն իրենց այս օրերի հապշտապ մեկնաբանությունների մասին, երբ կստանանք գլխավոր հարցերի պատասխանը հենց ձերբակալվածներից՝  երբ և որտեղ էր կիրառվելու զենքը:

Հարց-դիտարկում 5. «Նորքի առանձնատան վարձակալության ժամկետը լրանում էր 5 օրից: Ինչ հետաքրքիր զինված խումբ ա էրեխեք: Ամիսը մեկ զենքն ու զինամթերքը բարձում ա բեռնատար ու նոր տեղ ա տեղափոխում»:
-Իսկապես, զինապահեստի վարձակալությունը վերջանում էր 5 օրից: Ի՞նչ էին անելու այդ ժամանակ. միայն չասեք տեղափոխվելու էին:

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել է հանցավոր զինված խումբ, որը նախապատարստում էր առանձնակի ծանր հանցագործություններ: Խմբի կողմից վարձակալված առանձնատանը հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում«մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության ևս 9 անդամներ, ովքեր ձերբակալվել են: Ներկայում ձերբակալվածների թիվը 21 է:

 ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդհոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]