Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալիեւը դարձյալ ստել է իր ժողովրդին

Ալիեւը դարձյալ ստել է իր ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը նորընտիր Միլի Մեջլիսի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած առաջին նիստում խոսել է երկրում գոյություն չունեցող զարգացումից եւ դարձյալ ժխտել իրականությունը` խորհրդարանականներին հանձնարարելով իր ասածները հասցնել ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ի փոխանցմամբ` Ալիեւը նախ հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն «ամբողջությամբ արտահայտել են ժողովրդի կամքը, ընտրություններն անցել են թափանցիկ, արդար, բարձր մրցակցության պայմաններում»:

Հետո նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները` խոսքի ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը, խղճի, կրոնի ազատությունը:

«Այսինքն, Ադրբեջանի ժողովրդի եւ համաշխարհային հասարակության բոյկոտի ենթարկած, հարյուրավոր ընտրակեղծիքներ գրանցած, ընտրվելիք անձանց ինքնությունը նախապես որոշված ընտրություններն Ալիեւը ներկայացրել է որպես «ժողովրդի կամք»: Ավելին, Ալիեւը հայտնել է, որ կեղծ մեղադրանքներով լրագրողներ, իրավապաշտպաններ, կրոնավորներ ձերբակալած երկրում ապահովված են բոլոր ազատությունները: Այսօր Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, եւ բոլոր միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել այդ անձանց», -Ալիեւին հակադարձել է թերթը:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի առաջնորդի ֆանտաստիկ մտքերը չեն ավարտվում ընտրությունների եւ ազատությունների մասին նրա արտահայտություններով:

Ալիեւը նաեւ հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ, արագորեն եւ բազմակողմանի զարգանում է, երկրի միջազգային հեղինակությունը բարձրանում է, Ադրբեջանը ճանաչվում է որպես վստահելի պետություն, վերջին տարիներին աշխարհում արագորեն զարգացող միակ երկիրը Ադրբեջանն է, աղքատության եւ գործազրկության բնագավառում երկիրը մեծ հաջողությունների է հասել, եւ որոշ երկրներ էլ օրինակ են վերցնում Ադրբեջանից:

Թերթը զարմանք է հայտնում, թե ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը իրականությանը չհամապատասխանող այդքան սուտ մտքեր հնչեցնել եւ պատասխանատվություն չզգալ:

«Այդ ո՞ր հաջողությունից է նա խոսում: Ինչպե՞ս կարելի է խոսել հաջողությունից մի երկրում, որտեղ արտահանումը 52 տոկոսով պակասել է, 2,5 մլն քաղաքացի խեղդվում է պարտքերի մեջ, տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից, կրթությունը, առողջապահությունը, իրավական համակարգը քայքայված վիճակում են, պետբյուջեն 5 մլրդ դոլարով պակասել է: Այդ ո՞ր երկիրն է, որ ցանկանում է օրինակ վերցնել Ադրբեջանից: Խայտառակություն է խոսել մի երկրում զարգացումից, որը չի կարողանում սեփական արտադրությամբ ապահովել անգամ բնակչության սոխ-կարտոֆիլի պահանջարկը», -գրում է թերթը:

Թերթը նշում է, որ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը, ԵԽԽՎ-ն խոսում են Ադրբեջանում ընտրական կեղծարարություններից, աշխարհի հեղինակավոր երկրները` Ադրբեջանում առկա համատարած կոռուպցիայից, մենատիրությունից, ազատությունների խեղդումից, իսկ երկրի նախագահը հայտարարում է վստահելի գործընկեր լինելու մասին:

«Գիշեր-ցերեկ իշխանության ներկայացուցիչները, հեռուստաալիքները, ռեժիմի մամուլը զբաղված են Եվրոպային, ԱՄՆ-ին հայհոյելով, ասում, թե աշխարհը Ադրբեջանի դեմ կանխակալ է եւ նախանձում է: Եթե Ադրբեջանն իսկապես վստահելի գործընկեր է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այդ «սեւ արշավը»:

Ադրբեջանում առկա ծանր սոցիալական վիճակի պատճառով ամեն օր ինքնասպանության դեպքերի մասին ենք լսում, գործազրկության պատճառով միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են արտասահման, Ադրբեջանի շրջաններում, գյուղերում երիտասարդներ չեն մնացել, ամեն օր պետական եւ մասնավոր հաստատություններում կրճատումներ են արվում, հասցեագրված սոցիալական օգնություն ստացողների թիվն աճում է: Այս բոլորից հետո իշխանությունը խոսում է աղքատության եւ գործազրկության նվազումից, արագ զարգացումից: Ժամանակ առաջ Ալիեւն ասել է, որ վիճակը ծանր է լինելու: Այդ ինչպե՞ս է, որ եւ վիճակը ծանր է, եւ արագորեն զարգանում ենք», -շարունակում է թերթը:

Թերթը հավելում է, որ ներքին անվտանգության հարցը եւ նավթի էժանացումը սթրես է առաջացրել Ադրբեջանի վերնախավում: Իշխանությունը հասկանում է, որ ի տարբերություն իրենց ասածների, իրականությունը խիստ ցավալի է: Սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացման հետ բնակչության դժգոհությունն աճում է, եւ իշխանության դեմ ագրեսիան ուժեղանում է: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը առաջնային է համարում ներքին վերահսկողության ուժեղացումը: Երկրի ղեկավարը գիտի, որ իր թիմին միավորող արժեքը փողն է: Իսկ ներկայում փողի հոսքը նվազել է, եւ դա զայրացնում է իրեն շրջապատող չինովնիկներին: Փողի նվազումը կարող է մասնատել իշխող թիմը, եւ դրա առաջին նախանշաններն արդեն երեւում են: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը չինովնիկներին հանգստացնում է, թե համբերեք, լավ կլինի:

«Մի խոսքով, Միլի Մեջլիսում երկրի ղեկավարի ասածները հակառակ են երկրի իրողություններին եւ վիճակագրական թվերին: Նշանակում է, կառավարության սուտ քարոզչությունը շարունակվելու է: Երկրի ղեկավարն էլ մեսիջ հղեց, թե հետադարձ ճանապարհ չկա եւ պետք է շարունակել խոսել զարգացումից», -ամփոփել է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]