Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդուհի Վարդերեսյանը շատ սիրված և սպասված դերասանուհի էր. Հասմիկ Պողոսյան

Վարդուհի Վարդերեսյանը շատ սիրված և սպասված դերասանուհի էր. Հասմիկ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդուհի Վարդերեսյանը շատ սիրված և սպասված դերասանուհի էր: Այս մասին դերասանուհու հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Նա գեղեցիկ, չափազանց տաղանդավոր, մարդկային, լավատես կին էր:  Նույնիսկ տղայի դեր խաղալով` նա իր ներքին, կանացի ամրությունը չկորցրեց: Նրա անունը գրվեց մեր պատմության մեջ, որովհետև լինելով երկու կարևորագույն բեմերի` Գյումրիի և Սունդուկյանի մայր թատրոնի դերասանուհի, նա կերտեց մի շարք կերպարներ, որոնք յուրաքանչյուրիս մտքում են ամեն պահ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը փաստում է` իհարկե Վարդուհի Վարդերեսյանն ըստ արժանվույն գնահատվեց:

«Նա տարիներ առաջ կորցրեց իր սիրելի ամուսնուն` Գևորգ Աբաջյանին, որպես կին կարծում եմ, որ նման ամուսնու կորուստը ցանկացած կնոջ կյանք անլիարժեք էր դարձնելու: Նա շատ սիրված դերասանուհի, սպասված»,-նշեց նա:

Հասմիկ Պողոսյանը խոստովանեց, որ իր հուշերում մշտապես կմնա Վարդերեսյանի հոբելյանական երեկոն:  

Հոգեհանգստի արարողությանը նոյեմբերի  26-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցին դերասանուհու երկրպագուները, ընկերներն ու գործընկերները: Արարողությանը ներկա գտնվեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վախճանվել է հայ թատրոնի վերջին մոհիկանը` ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը:
 

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Վարդուհի Վարդերեսյանին վերջին անգամ հրաժեշտ կտան նոյեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]