1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասունացել է պահը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին երկխոսությունը մեկնարկելու համար. Նալբանդյան

 Հասունացել է պահը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին 
երկխոսությունը մեկնարկելու համար. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար։

Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և կարևորեց գործընկեր պետությունների ներգրավումը դրանում: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը»:

Նալբանդյանը գոհունակությամբ նշել է ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

«Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար:

Անցկացված բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Հայաստանի կառավարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել՝ կնքելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիր:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Համաձայն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Հանձնաժողովը նաև ընդգծեց, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Ամփոփելով իր խոսքը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում:

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ»։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]