Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ պատգամավորները «Հեռուստամարաթոն-2015»-ի առթիվ կոչով դիմել են աշխարհասփյուռ հայությանը

 Արցախի ԱԺ պատգամավորները «Հեռուստամարաթոն-2015»-ի առթիվ կոչով դիմել են 
աշխարհասփյուռ հայությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները հայտարարություն են տարածել «Հեռուստամարաթոն-2015»-ի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատգամավորները աշխարհասփյուռ հայությանը կոչ են արել մասնակցել համահայկական դրամահավաքին՝ աջակցելով  ժողովրդի այն հատվածներին եւ խավերին, որոնց բարեկեցության բարձրացումը  կզորացնի  ազգը՝  ուղղորդելով նրան համազգային նոր ծրագրերի իրականացմանը:

«Սիրելի հայրենակիցներ, մի քանի ժամ հետո կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Համազգային հերթական հանգանակությունը նվիրված է բնակարանաշինությանը եւ կրում է «Մեր տունը» խորագիրը: Հեռուստամարաթոն-2015-ի գլխավոր նպատակն Արցախի՝ հինգ եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելն է:

Բազմանդամ ընտանիքներին աջակցելու ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ունի Արցախի համար: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը էապես կնպաստի նաեւ ժողովրդագրության բարելավմանը: Միայն այդպես կարելի է իրականացնել մեր ժողովրդի միասնական կամքը՝ շենացնել Արցախը եւ տեր կանգնել ազատագրված հայրենիքին:

Վերջին օրերին, չնայած միջազգային անկայուն իրադրությանը, համազգային դրամահավաքի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել աշխարհի տարբեր քաղաքներում: Քաղաքական ներկայիս զարգացումները նորից առաջին պլան են մղել անվտանգության խնդիրների առաջնահերթության գիտակցումը, ինչը մեր պարագայում ընկալվում է որպես հայության բոլոր հատվածների ջանքերը համատեղելու անհրաժեշտություն»:

Պատգամավորները նշում են, որ  Հեռուստամարաթոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական դրսեւորման լավագույն հնարավորություններից է, եւ այն պետք է դառնա Արցախի անկախությունը համակողմանիորեն ամրապնդելու վճռականության հերթական ապացույց:

«Խորապես համոզված ենք, որ մեր համախմբվածությունն ամենաճիշտ պատասխանն է օրեցօր ահագնացող մարտահրավերներին: Ուստի կոչ ենք անում ու խնդրում բոլորիդ մասնակցել համահայկական դրամահավաքին՝ աջակցելով մեր ժողովրդի այն հատվածներին եւ խավերին, որոնց բարեկեցության բարձրացումը  կզորացնի  ազգը՝  ուղղորդելով նրան համազգային նոր ծրագրերի իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]