Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար. ՀՀ վարչապետ

Կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման 
համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը: Վարչապետն ընդգծել է, որ քաջատեղյակ է համալսարանում իրականացվող հետազոտություններից և գոհունակություն հայտնել, որ ՀՀ կառավա­րության տնտե­սական զարգացման քաղաքականության շրջանակում սահմանված գերակա­յութ­յունները ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտ­ների և ուսանող­ների ուշադրության կենտրոնում են:

«Ուրախալի է, որ դեռևս 2011թ. ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011-2017թթ. գիտահետազոտական և ինովացիոն զարգացման հայեցակարգում սահմանված նպատակներն աստիճանաբար կյանքի են կոչվում: Շարունակվում են գիտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աշխատանքները, ինչի վկայությունն են նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և մոտ ժամանակներս ստեղծվելիք գիտաուսումնական լաբորատորիաները», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով, ՀՀ կառավարությունն առաջնորդվում է տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ:

«Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը գրանցվում է 25 տոկոս աճ: Այս ամենի արդյունքում ներկայում ունենք համապատասխան ներուժ և բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տարածաշրջանում կարևոր դերակատար դառնալու համար:

Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար։ Մասնավորապես, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև առկա նորարարական և բիզնես կարողությունների զարգացմանը:  Մենք պատրաստ ենք աջակցելու ինովացիոն բոլոր այն ընկերություններին, որոնք ստեղծում են նոր ապրանքներ, ծառայություններ և շուկաներ», - շեշտել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում: «Համոզված եմ, որ շնորհիվ նաև այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները և արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները և նրանք, ովքեր կծանոթանան գիտա­ժողովի նյութերին, կձևավորեն սեփական պատկերացումները տնտեսա­գի­տութ­յան և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում գոյութ­յուն ունեցող հիմնախնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիների   վերաբերյալ», - եզրափակել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք, իսկ գիտաժողովին՝ գիտական այնպիսի արդյունք, որը կդառնա նոր օրերի տնտեսական կյանքի բարենորոգման գրավականը:

Նոյեմբերի 11-13-ն անցկացվող «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնական նպատակն է՝ ձևավորել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ՝ ակադեմիական հանրության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական ոլորտի մասնագետների համար: Գիտաժողովի շրջանակում կանցկացվի կլոր սեղան «Գիտելիքահեն տնտեսության և գիտելիքի հասարակություն» թեմայով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]