Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փորձագետներն անխուսափելի են համարում ադրբեջանական մանաթի արժեզրկումը

Փորձագետներն անխուսափելի են համարում ադրբեջանական մանաթի արժեզրկումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական բանկի տնօրեն Էլման Ռուստամովը խորհրդարանի նիստում խոստովանել է, որ վերջին մեկ տարում ԿԲ-ի եկամուտները երկու անգամ նվազել են, ու այդ եւ մի շարք այլ պատճառներով երկրի կառավարությունը մանաթի լողացող փոխարժեքի անցնելու ճանապարհներ է որոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, գլխավոր բանկիրի այդ խոստովանությունը հերթական իսկական իրարանցումն է առաջացրել Ադրբեջանում, քանի որ նման դեպքում` մանաթի փոխարժեքը որոշելու է շուկան:

Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Օքթայ Հախվերդիեւի կարծիքով` մանաթի նոր արժեզրկումն անխուսափելի է, եթե նավթի գները մնան նախկին մակարդակի վրա: Նրա խոսքով, Ադրբեջանը դեռեւս չի գնում արժեզրկման եւ մանաթի փոխարժեքը պահպանում է արտարժույթի ներարկումներով, սակայն, դա չի կարող հավերժ լինել:

Մանաթի փոխարժեքի անկում է կանխատեսում նաեւ «Հանրապետական այլընտրանք» (ReAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին:

Նա նշել է, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են  նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն, ընդհանրապես, նավթից կախված է 95 տոկոսով: Այդ պատճառով, մանաթի թուլացումը կապված է հենց նավթի գնանկման պատճառով արտարժույթի մուտքերի կտրուկ կրճատման հետ:

Նրա խոսքով` ֆինանսա-տնտեսական իրավիճակի վրա բացասաբար են ազդում կոռուպցիան, պետական ռեսուրսների վատ կառավարումը, պետական ներդրումներում լուրջ խախտումները, ինչը խոստովանում է նաեւ ինքը` Ադրբեջանի Նախագահը:

«Պաշտոնական տվյալներով` մենք 45 տոկոսով կախված ենք ներկրումից, իսկ դեղագործության, հագուստի եւ կենցաղային տեխնիկայի գծով` 100 տոկոսով: Գները աճելու են, եւ ես սպասում եմ երկնիշ արժեզրկում: Բացի այդ, Ադրբեջանում գործազրկություն է սպասվում, եւ անգամ դա խոստովանում է կառավարությունը: Բռնաճնշումներով այդ գործին չես օգնի, կառավարությունը պետք է լրջորեն աշխատի այդ խնդիրների վրա», - համոզմունք է հայտնել փորձագետը:

Մանաթի արժեզրկման անխուսափելիության մասին հայտնել է նաեւ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը:

«Տեղական արտադրությունը գտնվում է կրիտիկական վատ վիճակում, երկիրն անգամ մատիտներն է ներմուծում: Մանաթի երկրորդ արժեզրկումը կբերի գների էլ ավելի աճի: Իմ դիտարկումներով, անհրաժեշտ կլինի նվազագույնը 5 տարի, որպեսզի ադրբեջանական էկոնոմիկան ընտելանա նոր պայմաններին, այսինքն` զարգանա ներքին արդյունաբերութունը եւ խթանվի արտահանումը», -գտնում է Մեհման Ալիեւը:

Ադրբեջանի ԿԲ-ն հայտնել է, որ մանաթի փոխաժեքը կայուն պահելու համար միայն այս տարվա սեպտեմբերին իր արտարժույթի պահուստից 271,2 մլն դոլար է  ծախսել: Իսկ օգոստոսին Ադրբեջանի ԿԲ-ն, մանաթի արժեզրկման մեծ ռիսկի պատճառով, ծախսել էր 1,186 մլրդ դոլար:

Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստի նվազումը կապվում է համաշխարհային շուկայում նավթի գնանկման եւ դրա արդյունքում մանաթի արժեզրկման հետ: Ադրբեջանի ԿԲ-ն մանաթի փոխարժեքը պահպանելու նպատակով ամեն տարի շուկա որոշակի քանակով ֆինանսական միջոցներ ներարկելով աշխատում է պահպանել մանաթի կայունությունը:

Սակայն, ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ ադրբեջանցի բազմաթիվ փորձագետներ բազմիցս հայտնել են, որ մանաթի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու Ադրբեջանի ԿԲ-ի ջանքերն անիմաստ են, քանի որ 2015 թվականի փետրվարյան 34,5 տոկոսով արժեզրկումից հետո մոտ ժամանակում մանաթի նոր արժեզրկում է կանխատեսվում:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին: Այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]