Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեղեղները Գեղարքունիքում փլուզել են ինքնահոս ջրանցքն ու լեռնային արոտավայրեր տանող ճանապարհը

Հեղեղները Գեղարքունիքում փլուզել են ինքնահոս ջրանցքն ու լեռնային արոտավայրեր տանող ճանապարհը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզում վերջին օրերին տեղացած առատ անձրեւներից առաջացած հեղեղը մոտ 15 մետր երկարությամբ եւ մի քանի մետր խորությամբ ու լայնությամբ փլուզել է «Մանասի առու» կոչվող ինքնահոս բետոնապատ ջրանցքը, որը ոռոգման ջուր է մատակարարում Վաղաշեն գյուղին եւ Մարտունի քաղաքին: Լեռան բարձրաբերձ փեշով ձգվող ջրանցքի հետ փլուզվել է նաեւ կից ճանապարհը, որը սպասարկում է Վաղաշենի եւ Մարտունու ամառային արոտավայրերի անասնապահական տնտեսություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշենի գյուղապետ Արթուր Սուվարյանը, հեղեղները քշել են բետոնապատ առուն, ապա մի քանի մետր լայնությամբ ու խորությամբ եւ հարյուրավոր մետրեր երկարությամբ ձորակ առաջացրել լեռան զառիթափի` մինչեւ Մարտունի գետի ափը: Հեղեղի քշած քարակույտերն ու տիղմը փակել են նաեւ Մարտունու եւ Վաղաշենի յայլաղատեղեր տանող գետափնյա ճանապարհը, ինչի հետեւանքով մի քանի անասնապահական տնտեսություններ երկու օր չեն կարողացել իրենց քոչերն իջեցնել յայլաղներից:

 «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանի հավաստմամբ` հոկտեմբերի 12-ին բացվել է գետափնյա ճանապարհը, եւ անասնապահական տնտեսություններն արդեն ամառային արոտատեղերից բնակավայրեր են տեղափոխել իրենց բեռներն ու անասունները:«Ջրանցքի եւ ճանապարհի փլված մասերը վերականգնելու նպատակով տեղում ուսումնասիրություն է կատարել ՀՀ գյուղնախարարության ջրտնտպետկոմի համապատասխան հանձնաժողովը: Փլված ջրանցքից եւ ճանապարհից օգտվում են երկու համայնքների հազարավոր ընտանիքներ, այնպես որ, դրանց վերականգնումը հրատապ ու օրախնդիր հարց է»,-նշեց Թաթուլ Կարապետյանը:

Վաղաշենի գյուղապետարանում եւ Մարտունու քաղաքապետարանում եւս մտահոգ են ստեղծված իրավիճակից: «Մանասի առուն, որ ձգվում է մոտ 15 կլիոմետր, մեր համայնքին ոռոգման ջուր մատակարարող հիմնական միջոցներից մեկն է, իսկ փլված լեռնային ճանապարհը` անասնապահական տնտեսություններին սպասարկող գլխավոր ուղին: Առանց դրանց վերականգնման դժվար կլինի պատկերացնել Վաղաշենի գյուղատնտեսական կյանքի կազմակերպումը»,-նշեց Վաղաշենի գյուղապետ Արթուր Սուվարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]