Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գագիկ Մինասյանը ներկայացրեց Սահմանադրական նախագծի վերջնական տարբերակում կատարված փոփոխությունները

Գագիկ Մինասյանը ներկայացրեց Սահմանադրական նախագծի վերջնական տարբերակում 
կատարված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը արտացոլում է Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները:

Լրագրողների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքը եղել է բաց և թափանցիկ և յուրաքանչյուր քաղաքական ուժ հնարավորություն է ունեցել մասնակցել քննարկումներին` ներկայացնելով տարբեր դրույթների վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկությունները, որոնց մեծ մասը տեղ է գտել Սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկության արդյունքները ապացուցեցին այս հարցի վերաբերյալ քաղաքական կոնսոլիդացիայի առկայությունը:

Նա նկատեց, որ Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակում փոփոխվել է բոլոր քաղաքական ուժերի կողմից քննարկումների առարկա դարձած 89-րդ հոդվածը: «Նախկին ձևակերպմամբ, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որևէ քաղաքական ուժ չէր հավաքում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա պետք է անցկացվեր երկրորդ փուլը, որին պետք է մասնակցեին առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Սակայն վերջնական ձևակերպմամբ հստակեցվել է այն իրողությունը, որ կայուն մեծամասնության համար անհրաժեշտ քանակությամբ քվեներ չստացված կուսակցությունը պետք է ձևավորի քաղաքական կոալիցիա, իսկ երկրորդ փուլի առկայությունը դառնում է բացառություն, այլ ոչ թե օրինաչափություն»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրությունների երկրորդ փուլին քաղաքական ուժերը կարող են մասնակցել դաշինքներով: «Ես պետք է հիշեցնեմ, որ վերջին 25 տարում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայն համամասնական ընտրակարգով հավաքել ձայների 50 տոկոսը»,-ընդգծեց Մինասյանը:

Բանախոսի պնդմամբ` երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ Նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ թե ընտրիչների ժողովը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության հետ կապված դրույթը նույնպես փոփոխվեց, և այժմ Ազգային ժողովի նախագահը չի ընտրվում խորհրդարանի գործունեության ողջ ժամկետի համար, և եթե փոխվի խորհրդարանական մեծամասնությունը, ապա կփոխվի նաև խորհրդարանի նախագահը: Բացի այդ` ՀՀ վարչապետին առաջադրում են խորհրդարանական ուժերը, այլ ոչ թե միայն ԱԺ նախագահը»,-նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատի կամ Աուդիտորական պալատի, և դրա ծրագիրը այլևս չի հաստատելու խորհրդարանը: «Հաշվեքննիչ պալատը ինքն է ստեղծելու և հաստատելու իր ծրագիրը»,-եզրափակեց Մինասյանը:

Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Հանրաքվեն կայանալու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]