Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանադացի նախարարը կարևորել է կանադահայ համայնքի դերը երկրի կյանքում

Կանադացի նախարարը կարևորել է կանադահայ համայնքի դերը երկրի կյանքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Կանադայի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում, և վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հյուրընկալելու ու բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Պարադին երախտագիտություն հայտնեց Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Պարադին ընդգծեց այն նշանակալի դերը, որը խաղում է կանադահայ համայնքը իր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:

Էդվարդ Նալբանդյան ու Քրիստիան Պարադին մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած շուրջ 17000 փախստականներ։ Նախարար Պարադին իր հերթին ներկայացրեց Մերձավոր Արևելքում փախստականներին և տեղահանված անձանց Կանադայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]