Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ԱրմԹեք-2015»-ը խոստանում է բացառիկ լինել՝ միանգամից մի քանի նորարարություններով

«ԱրմԹեք-2015»-ը խոստանում է բացառիկ լինել՝ միանգամից մի քանի նորարարություններով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականցվող «ԱրմԹեք -2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովն սկզբունքորեն տարբերվելու է մյուս տարիներին անցկացված համաժողովներից մի քանի նորարարություններով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց,  որ այս տարի առաջին անգամ «ԱրմԹեք» համաժողովի նիստ կանցկացվի Ստեփանակերտում, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

 «Այս տարի սպասվող հետաքրքիր նորարարություններից առաջինն այն է, որ «ԱրմԹեքն» անց կկացվի երկու քաղաքում՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Ստեփանակերտում: Երկրորդը, որ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ, համաժողովի ընթացքում ուշադրությունը կենտրոնացած է լինելու  բարձր տեխնոլոգիաների մյուս ոլորտների վրա. մենք կունենանք մեծ քանակությամբ ճարտարագիտական և մաքուր տեխնոլոգիայի ոլորտի նախագծեր: Եվ վերջապես, առաջին անգամ Հայաստան կժամանեն  վերազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպիսին է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը»,- ասաց Ենգիբարյանը:

Համաժողովի կարևորագույն հարցերից մեկը կլինի նորաստեղծ կազմակերպությունների զարգացումը և հայկական արտադրանքի առաջխաղացումը, որոնց նվիրված զուգահեռ կանցկացվեն երկու միջոցառում: Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային համաժողովին 25 կազմակերպություն իր գաղափարներն ու ծարագրերը կներկայացնեն միջազգային ժյուրիին, և հինգ կազմակերպություն կսատանա 15- հազարական ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ: Զուգահեռ կանցկացվի նաև «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» գործարար գաղափարների մրցույթը, որին կմասնակցի 24 կազմակերպություն: Չորս լավագույն ծրագրերը կարժանան 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակի, իսկ առաջին տեղը գրաված կազմակերպությունը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ներկայացնելու իր ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ հոկտեմբերը հետաքրքիր ամիս է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: «Օրերս տեղի ունեցած ԴիջիԹեքի ցուցահանդեսը գրավեց աննախադեպ թվով կազմակերպություններ և 45 հազար այցելուի: Մեկնարկել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական ավտոարշավը: Միջոցառումների շարքին հաջորդելու է «ԱրմԹեք կոնգրես-2015» 8-րդ գործարար համաժողովը, որն ամեն տարի յուրովի է ներկայանում: «ԱրմԹեքի» համաժողովից ծնունդ են առել մեծ նախագծեր, արդեն իրականացվում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, Ջրվեժ ինժեներական քաղաքի և այլ գլոբալ նախագծեր»,- ասաց  նախարարի տեղակալը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ «ԱրմԹեք» համաժողովը բացառիկ հարթակ է իրատեսորեն գնահատելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները համաշխարհային ասպարեզում: «Այս տարիների ընթացքում ակնառու հաջողություններ ենք արձանագրել: Գնալով ընդլայնվում է երիտասարդների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և մեր աշխատաշուկան ավելի է համալրվում որակյալ կադրերով:  Նաև՝ «ԱրմԹեքի» միջոցով մեծ թվով ՏՀՏ ոլորտի վերազգային ընկերություններ են իրենց համար բացահայտել Հայաստանը»,- նկատեց Մուսայելյանը՝ հավելելով, որ համաժողովը կառավարության և մասնավոր բիզնեսի փայլուն համագործակցության օրինակ է:

«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը գոհունակությամբ նկատում է, որ ստարտափերով սկսված «ԱրմԹեք համաժողովն» այսօր արդեն միջազգային ընկերություններ է կարողանում գրավել: «Հայաստանը փոքր երկիր է: Մենք Հնդկաստանի և Չինաստանի նման միլիարդի հասնող բնակչություն չունենք: Եթե Չինաստանում նախագիծը հարյուր միլիոնով են սկսում, մենք Հայաստանում հազարով ենք սկսում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող զարգանալ, և իրականում ավելի արագ ենք զարգանում: Հայաստանին 15 տարի պահանջվեց ներկայիս մակարդակին հասնելու համար, Հնդկաստանին՝ ութսուն տարի: Ուստի պատահաականություն չէ, որ հասել ենք նման հաջողությունների»,- ասաց պարոն Մորոյանը:

«ԱրմԹեք-2015»-ի հիմնական շեշտադրումը կլինի չորս հիմնական ուղությունների վրա. նորաստեղծ կազմակերպությունների զարգացում, հայկական արտադրանքի առաջխաղացում, տարածաշրջանային զարգացում, միասնական թվային շուկայի ձևավորում և կրթություն: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և այդ գործընթացում ներգրավել նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության շրջանում նշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:

Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Միջոցառման հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը և Ամերիկայի հայ օգնության ֆոնդը: Գործընկերներն են «Մայքրոսոֆթը», «Վիասֆեր տեխնոպարկը», «Սինոփսիս Հայաստանը», «Ֆիլիպ Մորիս Հայաստանը», ՄԱԱԶԿ-ը, CRDF-ը, «Ֆայնբեռգը» և «Գրին Թրավելը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]