Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում. Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում. 
Աղվան Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարճ ժամանակաշրջանում մշակվել և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր, ձևավորվել են կոմիտեի ու դեպարտամենտի կառուցվածքները, կատարվել են կադրային նշանակումներ` 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ Քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում: «Ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ` նախորդ տարվա 888 գործի դիմաց: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը: Քննիչների ծանրաբեռնվածությունը կազմում է 20 հազար 400 գործ` նախորդ տարվա 16 հազար 616 գործի դիմաց (23 տոկոսով ավելի): Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմում է 45 գործ, իսկ մերժված նյութերով հանդերձ` 65: Համեմատելու համար ասեմ, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում` 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում` 45 գործ»,- հայտնեց Հովսեփյանը` հավելելով, որ քննիչների 60 տոկոսն ունի մինչև երկու տարվա աշխատանքնային փորձ:

Քննչական կոմիտեի նախագահի դիտարկմամբ` հասարակությունը մեծ սպասելիքներ ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: «Անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը: Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների գերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ. Դրանք շատ սուղ են: Միանգամայն պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3 քննիչի առկայության էապես նվազեցնում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը»,- ընդգծեց Աղվան Հովսեփյանը` խորին շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգացություն ցուցաբերելու համար:

Իր հերթին ՀՀ Կառավարության ղեկավարը իր շնորհավորական ելույթում ասաց հետևյալը.«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ: Մեր երկրում այն այսօր նշվում է առաջին անգամ: Կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն վերջնականապես ձևավորվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը:  Անկախ միասնական քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար: Թեպետ այն դեռևս մեկ տարեկան է, բայց ցանկանում եմ շեշտել, որ այն ձևավորվել է հարուստ փորձ և ավանդույթներ ունեցող համակարգի հիմքի վրա, որը մշտապես լավագույնս կյանքի է կոչել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը հուշամեդալներ և շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և կոմիտեի աշխատակիցներին. պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]