Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական 
տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված անդրանիկ հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:

Մեր երկրում այն այսօր նշվում է առաջին անգամ: Կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն վերջնականապես ձևավորվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը:  

Անկախ միասնական քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար: Թեպետ այն դեռևս մեկ տարեկան է, բայց ցանկանում եմ շեշտել, որ այն ձևավորվել է հարուստ փորձ և ավանդույթներ ունեցող համակարգի հիմքի վրա, որը մշտապես լավագույնս կյանքի է կոչել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Դիմելով Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրանց ծառայությունն առանցքային նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: «Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե' արտաքին, թե' ներքին, առավել քան կարևորվում է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում:  Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ կստեղծի Քննչական կոմիտեի աշխատակիցների համար՝ ծառայողական պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության գնդապետ Արթուր Ղամբարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Հայկ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, արդարադատության մայոր Տիգրան Թամամյանը խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ նաև շրջայց է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մասնաշենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, ծանոթացել կառույցի գործունեության համար ստեղծված պայմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]