1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգումները դեռևս ընթացքի մեջ են

Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգումները դեռևս 
ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձարարությամբ` Գագիկ Ծառուկյանի կողմից պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման արդյունքների ստուգման ուսումնասիրման, ամփոփման և ձևակերպման գործընթացները դեռևս ընթացքի մեջ են գտնվում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրավոր հարցմանը: «Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների կարևորությունը և դրանց ծավալուն լինելը՝ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործողությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտից հետո: Արդյունքների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանն ընթերցեց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ վերջին շրջանում մամուլում շատ են հրապարակումները ՀՀԿ անդամ գործարարների հարկային պարտավորությունների մասին: «Մամուլում հաճախակի են հրապարակումները, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ում, որ Հանրապետական կուսակցության անդամ գործարարների օբյեկտներում հարկային խիստ ստուգումներ են: Սրա պատասխանը մեկն է՝ այստեղ գործում է օրենքը, և հենց օրենքն է լինելու գերակա»,- շեշտեց Հարությունյանը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե երկու շաբաթը մեկ անգամ այս հարցը բարձրացնելու է՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե հավատում է, որ պատգամավորը երկու շաբաթը մեկ անգամ այդ մասին խոսելու է: «Ես զարմանալի բան չեմ տեսնում այդտեղ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ձեզ համար քաղաքական առումով շահավետ է հենց այս հարցը երկու շաբաթը մեկ անգամ բարձրացնելը»,- նկատեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Պատգամավորի հարցադրմանը, թե օրենքով ստուգման համար անհրաժեշտ բոլոր ժամկտները սպառված են, Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ դա նոր հարցադրում է, որը ներգրավված չի եղել գրավոր հարցման մեջ: «Եթե ձեր գրավոր հարցադրման մեջ լիներ այն, որ ստուգման համար բոլոր ժամկետները սպառված են, ես կնախապատրաստվեի այդ հարցին պատասխանելու ևս: Ցավոք, այս պահին չեմ կարող պատասխանել, որովհետև չեմ տիրապետում»,- ընդգծեց Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց նաև իրավապահ մարմինների աշխատանքի մասին, որոնք չեն արձագանքել Գագիկ Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մասին խոսակցություններին: Դավիթ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ եթե մինչ այս պահը քրեական գործ չկա հարուցված, ապա իրավապահ մարմինները քրեական գործ հարուցելու համար հիմքեր չեն գտել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]