Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի մարզի լավագույն ուսուցիչները պարգևներ ստացան

Շիրակի մարզի լավագույն ուսուցիչները պարգևներ ստացան

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հառիճում հոկտեմբերի 5-ին պարգատրվեցին Շիրակի մարզի լավագույն ուսուցիչները: Ուսուցչի օրվա կապակցությամբ վաստակաշատ ուսուցիչներին Շիրակի մարզպետի պատվոգրերն ու հուշանվերները հանձնեցին Շիրակի մարզի միջազգային և հանրապետական առարկայական օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտները:

Միջոցառման անցկացման համար Հառիճավանքի ընտրությունը պատահական չէ. 1905 թվականին տենդով հիվանդ Կոմիտասը որոշում է գալ Հառիճ՝ ապաքինվելու: Նա այստեղ գրի է առնում 34 նոր երգ, զտում հները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջին մեծ երգչախումբը Կոմիտասը ձևավորել է Հառիճում:  Սակայն, մինչ այդ, վանական համալիրն ավանդության մաս է կազմել դեռևս 7-րդ դարից: Պատմությունը հայտնում է, որ այստեղ դասավանդել են հռչակավոր Ստեփանոս Քռթեբավորը և Գրիգոր Տուտեորդի վարդապետները, 13-րդ դարակեսին, սակայն, մոնղոլ-թաթարական քոչվորների արշավանքերի հենտևանքով, վանքն ամայության է մատնվում մինչև Հառիճի վանական ընկերության հիմնումը՝ 1850 թվականին, Գյումրիում: Ընկերության կողմից նախապատրաստական աշխատանքերը կատարելուց և նյութական միջոցները հայթայթելուց հետո՝ 1856 թվականի նոյեմբերի 1-ին, Հառիճավանքի դպրոցն սկսում է իր կանոնավոր գործունեությունը, որի անդրանիկ դասարանն ուներ 17 սան: Հառիճավանքի  դպրոցն իր գոյությունը շարունակում է մինչև 1917թ.՝ ունենալով 374 շրջանավարտ. ի թիվս այլ նշանավոր հայորդաց, այստեղ սովորել են Ավետիք Իսահակյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Կարապետ Կոստանյանցը: Կրթօջախի սաներից 63-ը դարձել են քահանաներ և 3-ը վարդապետներ: Ցավոք, 20-րդ դարասկզբին Հայաստանում խորհրդային կարգերը հաստատվելուց հետո, դրա գոյությունը դադարեցվել է: Թվում էր` Հառիճավանքի դպրոցի ավանդույթները վերացել են, սակայն  2012 թ.-ի փետրվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ, Հառիճավանքի դպրոցում, որն սկսեց  կոչվել ընծայարան, կազմակերպվեց Գևորգյան հոգևոր  ճեմարանի նախապատրաստական լսարան. առաջին 8 շրջանավարտներն արդեն 2012թ.-ի օգոստոսին մասնակցեցին Գևորգյան ճեմարանի ընդունելության քննություններին: Հառիճավանքի Թրբանճյան  ընծայարանն այսօր էլ իրականացնում է ավագ դպրոցի կրթական ծրագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրանադրված կրթական լիցենզիայով:

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումն այս անգամ առավել կարևորվեց ոչ միայն վայրի, այլ նաև ԼՂՀ Ասկերանի շրջանի պատվիրակության մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, Շիրակի մարզի և ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի միջև պարբերաբար կազմակերպվում են փոխայցելություններ: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`   այս տարի ևս Ասկերանի պատվիրակությունը՝ կազմված կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներից, ժամանել է Շիրակի մարզ՝ մեզ հետ այս հիասքանչ վայրում  տոնելու Ուսուցչի օրը` տոն, որի խորհուրդն արժևորվում է Կոմիտասի հիշատակին խոնարհումով»,- նշեց Սահակ Մինասյանը: «Համոզված եմ` մեր այս համագործակցության արդյունքում կշահենք բոլորս: Միայն փորձի փոխանակումով չի ավարտվի մեր այս կապը, առաջիկայում կլինեն նաև գործնական քայլեր: Ամեն տարի  պատվիրակությունը գալիս է Շիրակ, և այս կապը մասնագիտականից արդեն վերածվել է ընկերական կապի, ինչը շատ կարևոր է»,- նշեց  ԼՂՀ   Ասկերանի վարչական տարածքի  կրթության բաժնի պետ Շահեն Աղաբաբյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ ոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը:

Միջոցառման ընթացքում Հառիճում կրկին կոմիտասյան կատարումներ  էին. ելույթ ունեցան Գյումրու  սիմֆոնիկ, ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնորան, Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։

Հոկտնեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի ու կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն: 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀ պաշտոնական օրացույցում ևս հոկտեմբերի 5-ը ամրագրվեց որպես Ուսուցչի օր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]