Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարվա լավագույն մանկավարժները ստացած մրցանակները պարտավորեցնող են համարում

Տարվա լավագույն մանկավարժները ստացած մրցանակները պարտավորեցնող են  համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակների դափնեկիրներն ուրախ և պարտավորված են` նման պարգևների արժանանալու համար: Տարվա լավագույն տնօրեն, Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի ղեկավար Ռուզան Թումանյանի համար անսպասելի ու միևնույն ժամանակ սպասված էր պարգևը:

«Պարոն վարչապետն այդ պարգևը հանձնելիս շեշտեց, որ սահմանապահ բնակավայրում եմ աշխատում: Սեպտեմբերի առաջին երեք օրերը մենք կրակոցներ էինք լսում, բայց մեր ժողովուրդը, երեխաները կարծես սովորել են դրան, և նրանց ոչ մի բան չի անհանգստացնում: Նրանք գիտեն, որ պետք է դպրոց գնան, սովորեն և իրենց առօրյա հոգսերով ապրեն: Ուզում եմ մեր տարածաշրջանի և բոլոր սահմանապահ վայրերի բնակիչներին խաղաղություն մաղթել, հաջողություններ, որպեսզի մեր երեխաները հանգիստ հաճախեն դպրոց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրման արարողությունից հետո նշեց Ռուզան Թումանյանը:

Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչված Գուրգեն Զարգարյանն աշխատում է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցում` որպես ռազմագիտության ուսուցիչ:

«Ռազմագիտության ուսուցչի հիմնական նպատակն է պատրաստել հայրենիքի պաշտպան, բանիմաց պատանիներ և աղջիկներ, հնարավորություն ընձեռել մեր պատանիներին բանակ զորակոչվելուց հետո կարճ ժամանակահատվածում տիրապետել ժամանակակից ռազմական տեխնիկային և զենքին: Այսօր ռազմագիտությունն առաջնային առարկա է, առավել ևս` սահմանում ապրող մարդու համար»,- ընդգծեց Գուրգեն Զարգարյանը:

Նրա խոսքով` դպրոցի յոթ աշակերտներ, այդ թվում` երեք աղջիկներ, այժմ ուսանում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:  

Տարվա լավագույն դաստիարակ Արմինե Մնացականյանը, ով աշխատում է Երևանի 47 մանկապարտեզում, փաստում է, որ իր համար անսպասելի ու հաճելի էր պարգևը:

«Շատ լավ է, որ Կառավարությունն այսօր գնահատում է մանկավարժի աշխատանքը: Պարգևն ավելի պարտավորեցնող էր: Խոստանում եմ, որ կարդարացնեմ բոլորի սպասելիքները»,- նշեց Արմինե Մնացականյանը:

Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրն անցկացված տոնական հանդիսության արդյունքում ընտրվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակների դափնեկիրները: Արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևներ հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության կողմից լավագույն դաստիարակն ու մանկավարժն արժանացան մեքենաների, իսկ տնօրենը համակարգիչ ստացավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]