Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լմբատավանքի տարածքի բարեկարգման նպատակով հայտարարվել է դրամահավաք

Լմբատավանքի տարածքի  բարեկարգման նպատակով հայտարարվել է  դրամահավաք

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու («Կարմիր վանք») տարածքի  բարեկարգման ծրագրերը կյանքի կոչելու նպատակով հայտարարվել է  դրամահավաք: Ցանկացած հավատացյալի ակտիվ ու գիտակից մասնակցությունը օգտակար է լինելու  վանքի վերազարթոնքին: Այս մասին  ի լուր բոլորի հայտարարվեց Լմբատավանքի ուխտի օրը՝ հոկտեմբերի 3-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լմբատավանքի վանահայր, Արթիկ քաղաքի հոգևոր հովիվ  Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, դրամահավաքի հաջող ընթացքի ու համապատասխան գումարի հավաքագրման դեպքում  կառուցվելու են պարիսպներ« հովվատուն« ուխտավորաց տուն և սեղանատուն: «Արթիկի բնակիչների համար Լմբատավանքը՝ Կարմի վանքն անչափ կարևոր է, բացի այն, որ բազմաթիվ հրաշագործություններ են պատմում այս եկեղեցու մասին, սա նաև յուրահատուկ ճարտարապետական տեսք ունեցող եկեղեցի է՝ եզակին իր կառուցվածքով: Հուսանք` դրամահավաքի արդյունքում կկարողանանք բարեկարգել վանքն ու տարածքը: Նախատեսված է նաև տարածքի պեղման աշխատանք, քանի որ, ըստ պատմական աղյուրների, Լմբատը եղել է վանական համալիր, սակայն այսօր պահպանվել է միայն եկեղեցին»,-նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:

Լմբատավանքի ուխտի օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց սուրբ Ստեփանոսի մասունքը և մատուցվեց  Սուրբ Պատարագ՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ։ Հավարտ Սուրբ Պատարագի սուրբ մասունքով կատարվեց  Անդաստանի կարգ ու մատաղի օրհնություն։ «Թեև Սուրբ Ստեփանոսի տոնը դեկտեմբերի առաջին շաբաթն է և անբարենպաստ եղանակի պատճառով, երբ սուրբ մասունքները բերվում էր Լմբատ, քչերն էին հաղորդակից դառնում, դրա համար օգտագործելով եկեղեցու վերաօծման օրը, կազմակերպեցինք նաև Սուրբ Ստեփանոսի մասունքների տեղափոխություն, որն այսօր կմնա եկեղեցում՝ հնարավորություն տալով շատ հավատացյալների մասնակցելու այս արարողությանը»,- նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալներ Շիրակի ու Արթիկի թեմերից, այլ նաև հարյուրավոր ուխտավորներ հանրապետության տարբեր տարածքներից:

Եկեղեցու մասին թեև  շատ տեղեկություններ չեն պահպանվել, բայց  ելնելով եկեղեցու ճարտարապետական տեսքից, այն  թվագրվում է 6-րդ դարի վերջ և 7-րդ դարի սկիզբ, եկեղեցում գտնվող որմնանկարները ևս ստեղծվել են նույն  ժամանակահատվածում: Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խուցերով: 13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է  գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք: Կառուցումից հետո եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 12-13-րդ դարերում, տարածքը մասամբ բարեկարգվել է 90 ականներին, իսկ 2 տարի առաջ որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ՝ Քրիստին Լամուղեի և  ճարտարապետ Արա Զարյանի կողմից սկսվեցին և այսօր արդեն ավարտին է հասցվել 7-րդ դարից պահպանված եզակի որմնանակերներից մեկի՝ անհայտ հեղինակի՝ Եզեկիել մարգարեի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանակարի վերականգնման ու ամրակայման աշխատանքը:

«Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցին յուրահատուկ է հայ ճարտարապետության համար. վկայում են մասնագետները: Ճարտարապետն այս եկեղեցին այնպես է կառուցել, որ այն նման չլինի մյուս եկեղեցիներին՝ բացի մայր խորանի գմբեթարդից, հյուսիսային և հարավային մասերում ունի գետնից 3 մետր բարձրության վրա տեղադրված 2 այլ գմբեթարդներ, նման լուծմամբ՝ հայկական ճարտարապետության երկրորդ օրինակը չկա:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]