Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սամվել Ճզմաչյանը ճիշտ է համարում Կենտրոնական բանկի դրամի կայունացման կոշտ դրամավարկային քաղաքականությունը

Սամվել Ճզմաչյանը ճիշտ է համարում Կենտրոնական բանկի դրամի կայունացման կոշտ 
դրամավարկային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ֆինանսական շուկայում տիրող անորոշությունը դժվարություններ է ստեղծում տարբեր երկրների տնտեսությունների վրա, դրանից անմասն չի մնում նաև Հայաստանի ֆինասնատնտեսական վիճակը: Դոլարի արժևորման, ռուբլու և դրամի արժեզրկման պայմաններում վնասներ է կրում Հայաստանի տնտեսությունը, որի կայունացման ուղղությամբ տարբեր մեխանիզմներ են առաջարկում իրավասու մարմինները: Համաշխարհային ու տեղական ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ:

-Համաշխարհային ֆինանսական շուկայում տիրող իրավիճակը ի՞նչպես կարող է ազդել Հայաստանում ֆինանսատնտեսական վիճակի վրա:

- Այժմ համաշխարհային ֆինանսական շուկան լի է անորոշություններով, իսկ Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակի վրա այն ազդում է ուղիղ այնքանով, ինչքանով մեր երկիրն ինտեգրված է աշխարհատնտեսական կապերի մեջ: Խոսքս ավելի պարզ դարձնելու համար բերեմ օրինակներ. համաշխարհային ֆոնդային բորսաներում խուճապը գրեթե չի անդրադառնում Հայաստանի վրա, քանի որ մեր ֆոնդային շուկան թերզարգացած է, իսկ հումքային ապրանքների գների նվազումն ունենում է մեր վրա մեծ ազդեցություն, որովհետև մեր հիմնական արտահանումը գունավոր մետաղներն են: Ուրիշ օրինակ. Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների և ներդրումային հոսքերի անկումը, կապված ՌԴ-ում ծանր ֆինանսական դրության հետ, բացասաբար է անդրադառնում բնակչության վճարունակության վրա և վատացնում բանկերի վարկային պորտֆելների որակը:

- Համաշխարհային շուկայում դոլարի արժևորման և ռուբլու արժեզրկման պայմաններում ինչպիսի՞ տատանումներ են հնարավոր դրամի նկատմամբ և ի՞նչ քաղաքականություն պետք է վարել:

-Վերջին օրերին բոլոր շուկաները սպասում էին մի կարևոր իրադարձության` սեպտեմբերի 16-17-ին ԱՄՆ-ում կայացած Դաշնային պահուստային համակարգի (Федеральная резервная система - ФРС) հերթական նիստին, որտեղ, ինչպես սպասվում էր, առանցքային տոկոսադրույքը 0-0,25%-ից կարող էր բարձրացվել, ինչն իր ազդեցությունը կթողներ ամբողջ համաշխարհային արժութային շուկայի վրա: Դա կբերեր լրացուցիչ անկայունության և լրացուցիչ ճնշում առաջին հերթին զարգացող երկրների ազգային արժույթների վրա: Սակայն այս անգամ էլ բազային տոկոսադրույքն ԱՄՆ-ում մնաց անփոփոխ, և հետևաբար զարգացող տնտեսությունների ազգային արժույթները լրացուցիչ ճնշման չեն ենթարկվի:

Բացի դրանից, մեր ազգային արժույթի վրա ազդում է և ռուբլու թուլացումը: Այս իրավիճակում որոշ փորձագետներ հանդես են գալիս խորհուրդներով ՀՀ Կենտրոնական բանկի հասցեին առ այն, որ նա այլևս թեժ պահերին չկիրառի դոլարային ինտերվենցիաներ և թողնի, որ դրամը զգալիորեն թուլանա, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի մեր արտահանողների համար: Բայց դրա հետ մեկտեղ այդ «բարի կամեցողները» մոռանում են, որ դրամի նոր արժեզրկումը կբերի պետբյուջեի մուտքերի թերհավաքագրմանը, էլ չեմ խոսում բնակչության դրամային խնայողությունների կորուստների և նրա աղքատացման մասին: Չպետք է մոռանանք նաև, որ փոխարժեքների այդպիսի տատանումները դոլարի ամրապնդման ուղղությամբ նորից ասպարեզ կբերեն գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցը: Ի՞նչ է, մենք մոռացել ենք դա:

Այս «թակարդից» նվազագույն կորուստներով դուրս գալու համար ՀՀ ԿԲ-ն, իմ կարծիքով, որդեգրել է միակ հնարավոր ուղին, դրամի կայունության նպատակով վարելով բավականին կոշտ դրամավարկային քաղաքականություն, ինչն, իմիջիայլոց, եթե հիշում եք, թույլ չտվեց երկար ժամանակով ապակայունացնել իրավիճակն արտարժութային շուկայում անցած տարվա վերջում: Իսկ այս տարվա օգոստոսին նոր թափ առած ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում հնարավորություն տվեց սահուն բերել դրամի փոխարժեքը ներկայիս վիճակին` արձանագրելով ընդամենը 6-7 դրամի չափով տատանում և զերծ պահելով ամբողջ հասարակությանը նախորդ տարվա աժիոտաժից:

-Այս իրավիճակից Հայաստանի տնտեսության համար օգուտներ քաղելու հնարավորություններ կա՞ն: Ինչպե՞ս:

-Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար համաշխարհային թոհուբոհի մեջ օգուտներ քաղելը չափազանց դժվար է. շատ դեպքերում, օրինակ, բորսային ապրանքների գների պարագայում, մենք ստիպված ենք ընդունել դիտորդի դեր: Բայց միաժամանակ կարող եմ նշել, որ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները, որոնք հայտնվել են անկայուն գոտիներում և տարածաշրջաններում, կարող են իրենց ավանդների մի մասը տեղափոխել հայաստանյան բանկեր` դրանով իսկ ապահովելով իրենց համար բարձր եկամտաբերություն և հուսալիություն: Բացի դրանից, մեր բանկային համակարգն արդեն առաջարկում է ազատ միջոցներ ունեցողների համար այլ գործիքներ՝ պարտատոմսեր և բաժնետոմսեր: Դրանով մեր հայրենակիցներն օգուտ կտան նաև Հայաստանի տնտեսությանը:

Իսկ ընդհանրապես ճգնաժամի պարագայում մեծանում է գործադիր իշխանության դերակատարությունը դրսից եկող հարվածները թուլացնելու կամ չեզոքացնելու առումով: Կարծում եմ` մեր վարչապետի հայտարարությունը Եվրասիրական տնտեսական միության տարածքում ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրում անցում կատարել ռուբլով հաշվարկների ևս տեղավորվում է նշածս տրամաբանության մեջ և կարող է Հայաստանին օգուտներ բերել:

-Այսպիսի իրավիճակում, երբ ազգային արժույթն արժեզրկվում է, բանկերի համար ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում:

-Պետք է հստակ հասկանալ, որ ազգային արժույթն արժեզրկվում է տնտեսությունում՝ գլոբալ, տարածաշրջանային և ներքին, տեղի ունեցող տասնյակ բազմաբնույթ գործոնների հետևանքով, և բանկերը որպես տնտեսության մի մասնիկ, անբաժանելի մաս, իհարկե, չեն կարող զերծ մնալ այդ երևույթի հետևանքներից: Տվյալ դեպքում բանկերը կորուստներից խուսափելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով դառնում են ավելի զգուշավոր և կոնսերվատիվ իրենց գործառույթները կատարելիս: Բանկերի մի մասը, զգուշավորությունից ելնելով, կարող է անորոշության ժամանակահատվածում ժամանակավորապես գերադասել արտարժույթով գործարքները, այսինքն՝ նախապատվությունը տալ դոլարին, մյուս մասը՝ ավելացնել իր, այսպես ասած, «անվտանգության բարձիկը» տոկոսադրույքների և այլ գործիքների միջոցով:

-Երբ ֆինանսական շուկայում անկայունություն է, Հայաստանի բնակչության համար ի՞նչ դժվարություններ են առաջանում բանկային համակարգի ծառայություններից օգտվելիս:

-Այս Ձեր հարցը բխում է նախորդից: Բնակչությունը ստիպված է գործ ունենալ բանկերի խստացված պահանջների հետ, կրել այլ անհարմարություններ, չհաշված այն հանգամանքը, որ հենց բնակչության վճարունակությունն է թուլանում, նրա հնարավորությունները և, այսպես ասած, մանևրելու ունակությունն է նվազում:

Հարցազրույցը` Անի Նազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]