Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԱՏՄ անդամակցությունը ռուս գործարարներին հնարավորություն է տալիս գործընկերներ փնտրել Հայաստանում

ԵԱՏՄ անդամակցությունը ռուս գործարարներին հնարավորություն է տալիս գործընկերներ 
փնտրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին հանդիպեց հայաստանյան գործընկերների հետ` նպատակ ունենալով ձևավորել բիզնես կապեր:  Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դա են վկայում երկու կողմերի պատվիրարակները:

Լրագրողների հետ զրույցում Կալուգայի մարզի Փոքր ու միջին բիզնեսի արտահանման աջակցության զարգացման կենտրոնի տնօրեն, ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ ժուռավլյովը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել այստեղ գործընկերներ գտնելու համար: «Մեր պատվիրակության մաս են կազմում մանր ու միջին 6 ձեռնարկություններ, որոնք արտահանմանն ուղղված են ու հետաքրքրված Հայաստանում կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու հարցով»,-ասաց նա: Հարցին ի պատասխան, թե արդյոք, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հեշտացնում է Հայաստանի հետ կապեր հաստատելու գործընթացը, նա նշեց. «Իհարկե, եթե նայենք դինամիկան, թե ինչպես է Մաքսային միությունը գործում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև արդեն մի քանի տարի, ապա կտեսնենք, որ այդ երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է, ընդ որում` գործընթացները հեշտացված են, երկրների միջև տեղափոխումը լիովին ազատ է: Հայաստանի հետ կապված շատ հարցեր են առաջանում, քանի որ եթե Բելառուսի ու Ղազախստանի հետ Ռուսաստանն ունի ուղղակի սահմաններ, ապա Հայաստանի դեպքում Վրաստանի միջոցով տրանզիտային ուղիով է անհրաժեշտ տեղափոխումն իրականացնել: Դեռ այդ բոլոր հարցերը չեն լուծվել ինչպես մեր գործարարների, այնպես էլ հայ գործարարների համար: Բայց հուսով եմ, որ բոլոր այդ հարցերը լուծում կստանան, քանի որ երբ Մաքսային միությունը նոր էր իր գործունեությունը ծավալում, ևս շատ խնդիրներ կային, որոնք հետագայում կարգավորվեցին»:

Սերգեյ ժուռավլյովը հույս հայտնեց, որ առաջիկայում կարելի կլինի ԵԱՏՄ շրջանակներում խոսնել նաև առևտրաշրջանառության ավելացման մասին:

Ռուս պատվիրակի համար Հայաստանում ամենազարգացած ուղղություններից է շինարարության ոլորտը: «Ողջ աշխարհում հայերը, որքան ես գիտեմ, հայտնի շինարարաներ են, դրա համար շինարարական ոլորտում անհրաժեշտ նյութերը, ծառայությունները, գործիքները կարող են հայերի համար շատ հետաքրքիր լինել»,-ասաց Սերգեյ Ժուռավլյովը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ, Կին գործարարների միության նախագահ Սուսաննա Խալաթյանի խոսքով`

ԵԱՏՄ անդամակցության պայմաններում ՌԴ տարբեր մարզերի գործարարներն ու արդյունաբերողներն ակտիվորեն բանակցություններ են սկսում վարել հայկական կողմի հետ: «Երկու ամիս ինտենսիվորեն աշխատել ենք, մեր ռուս գործընկերներին ենք փոխանցել ՀՀ օրենսդրության, Հայաստանում արդյունաբերության վիճակի մասին տեղեկատվություն: Այս մարզը Ռուսաստանում ինտենսիվորեն զարգացող շրջաններից մեկն է, նրանք մեծ ներդրումներ են կատարում, նրանցից սովորելու բան շատ ունենք»,-հայտնեց Սուսաննա Խալաթյանը` նշելով, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են մի քանի տասնյակ ընկերություններ:

Նրա դիտարկմամբ` այս հանդիպումը դեռ իրազեկման նպատակ ունի, իսկ արդեն կոնկրետ համագործակցության մասին  հնարավոր կլինի խոսել մեկ տարի հետո:

Սեպտեմբերի 15-19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ընդունում է ՌԴ Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը:

Հայ-ռուսական գործարար հանդիպմանը մասնակցում են երկու կողմերի գործարարներ, կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիայի նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը:

Երկկողմանի շնորհանդեսներով կներկայացվի հայաստանյան ու ռուսաստանյան բիզնես միջավայրը, կքննարվեն նոր տնտեսական համակարգում գործելու հեռանկարները ու համատեղ ձեռնարկումերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ռուսական ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային կցամասերի, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի տարրերի արտադրության և այլ ոլորտներ:

Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելել առանձին ձեռնարկություններ` անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]