Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է հայկական արվեստի փառատոն

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է հայկական արվեստի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում սեպտեմբերի 4-6-ն անցկացվել է Հայկական արվեստի փառատոնի 5-րդ թողարկումը, որը կազմակերպվել է Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Հարգիտայի նահանգային խորհրդի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի հանդիսավոր բացումը կատարվել է սեպտեմբերի 4-ի երեկոյան Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում, որտեղ ելույթ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը:

Փառատոնի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվել է հայագիտական գիտաժողով «Տրանսիլվանիայի հունգարահայերը. Անցյալը, ներկան և ապագան թեմայով», որին բացման խոսքով է հանդես եկել դեսպան Գասպարյանը: «Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման հարցերը: Այդ ժառանգությունը, հատկապես եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որ մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը», - իր խոսքում նշել է դեսպանը:

Նշելով, որ այսօր բոլորիս համար ամենակարևոր անելիքն այդ ժառանգությունը երիտասարդ սերունդներին փոխանցելու հարցն է, փոխանցման արդյունավետ ձևեր գտնելը, դեսպանն ընդգծել է, թե այդ առումով Հայաստանի հետ գործնական կապեր հաստատելը պետք է դառնա Տրանսիլվանիայի հայկական միությունների գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Դրան կարող է նպաստել Գեորգենի և Ալավերդի քաղաքի միջև բարեկամության պայմանագիրը, որը ստորագրվել է անցյալ տարի և որի դրույթները նախատեսում են հատկապես երիտասարդության միջև զանազան կապերի խրախուսումը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել պատմաբան, պրոֆեսոր Դեժո Գարդան, պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը Բուդապեշտից, դոկտոր Աթիլա Պուշկաշը, Սեբեստիեն Ֆորիկան, Ջուլյա Բալինտը և այլք: 19-րդ դարավերջի հունգարահայ մամուլին նվիրված հատուկ զեկույցով հանդես է եկել Երևանից ժամանած Անահիտ Սիմոնյանը: Զեկույցներ են հնչել նաև հունգարահայ հայտնի նկարիչ Զոլտան Նուրիձանիի մասին:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվել են նկարչուհի Հերմոնե Մարթայանի, ժողովրդական վարպետներ Տոնի Անջիի և Գյուլա Բիրոյի գործերը: Առանձին սրահում ներկայացվել է Ռուբեն Գալիչյանի պատմական Հայաստանի քարտեզների հավաքածուն: Փառատոնի առանցքային միջոցառումներից է եղել սեպտեմբերի 5-ին ռումինահայ նշանավոր ջազի վարպետ Հարրի Դավիդյանի համերգը: Նախորդ օրը Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում փառատոնի բացմանը ելույթ է ունեցել նաև «Lux Aurumque» երգչախումբը:

Փառատոնի այս տարվա թողարկումը ուշադրությունը բևեռել է երիտասարդության հետ աշխատանքի վրա` կազմակերպելով տեղի հայ երիտասարդների միջազգային ճամբար, որի ծրագրի մեջ ընդգրկված են եղել Գեորգենում և շրջակայքում հայկական հետքերի որոնման, հայկական արմատներին, մշակույթին և ավանդույթներին ծանոթացման կետեր: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 6-ին մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել Գեորգենի Հայ կաթոլիկ միության և Բուդապեշտի 15-րդ թաղամասի տեղական խորհրդի ու նույն թաղամասի հայկական փոքրամասնության միջև:

Սեպտեմբերի 6-ին Գեորգենի հայ կաթողիկե եկեղեցում Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Գիորգի Յակուբինիի մասնակցությամբ մատուցվել է հանդիսավոր պատարագ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]