Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Rise Project»-ը բացահայտել է Ռումինիայում գործող ադրբեջանական ցանցը

«Rise Project»-ը բացահայտել է Ռումինիայում գործող ադրբեջանական ցանցը

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում և հարևան երկրներում գործող «Rise Project» իրավապաշտպան կազմակերպությունն ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատապարտման առիթով սեպտեմբերի 1-ին տարածել է «Բուխարեստի ադրբեջանական ցանցը. Ալիևների դինաստիայի փողերը» խորագրով ծավալուն նյութ, որում բացահայտվում է ադրբեջանական օֆշորային գումարների մուտքը Ռումինիա և ադրբեջանական կազմակերպությունների կապերը Ռումինական քաղաքական և հասարակական շրջանակների հետ:

Այսպես, Բուխարեստում 2007թ. գործող «Հեյդար Ալիև» հիմնադրամի գրասենյակի փաստաթղթերում, որպես պաշտոնական գործընկերներ, նշվում են ռումինական տարբեր պետական ու մասնավոր հաստատություններ, որոնց շարքում է նաև Ռումինիայի ԱԳՆ-ն (թեև վերջինս պաշտոնապես հերքում է նման կապը): Ադրբեջանական ՀԿ-ն սերտ կապեր ունի նաև«Nicolae Titulescu foundation»-ի հետ, որի ղեկավար Ադրիան Նաստասեն վարչապետ Պոնտայի ամենամտերիմ անձանցից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողական հետաքննության կիզակետում է «Հեյդար Ալիև» հիմնադրամի Bucharest, Popa Soare 39 հասցեում գործող գրասենյակը, որը հսկվում է պարեկային ծառայության կողմից` որպես դիվանագիտական հաստատություն առանց համարժեք փաստաթղթերի. ոստիկանությունը պաշտոնապես հայտնում է, որ սույն գրասենյակը գործում է`որպես դիվանագիտական հաստատություն, իսկ ԱԳՆ-ն` հերքում: Գրասենյակի թանկարժեք շենքը և հարակից հողը պատկանում են «Curzon Properties» ռումինական ընկերությանը, որինվերջերս 6.5 մլն եվրո գումար է փոխանցվել Սեյշելյան կղզիներում գրանցված«Asbet Ltd»ընկերության կողմից, որն իր հերթին պատկանում է ոմն Աշրաֆ Քամիլովի, ով Ալիևներին պատկանող «ATAHolding»-ի բաժնետեր և աշխատակից է: Ռումինիայում գործում են նաև այլ ընկերություններ, որոնք կապեր ունեն են «Asbet Ltd»-ի հետ, ինչպես նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող «Ciaba Ltd»-ի հետ, որը պատկանում է Ադրբեջանի նախագահի կրտսեր դուստր Արզու Ալիևային: Ըստ«Rise Project»-ի`ռումինական ընկերությունների գործունեության մեջ խառնված են նաև լոնդոնյան «Triangle»խումբը ներկայացնող բրիտանացի Մեթին Գավեները և Գաֆար Գուրբանովը. վերջինս ներկայացրել է նաև«SOCAR»-ը Չեռնոգորիայի տուրիստական ոլորտում ներդրումներ կատարելու բանակցություններում:

Օֆշորային ընկերությունների կապը Ալիևների ընտանիքի և Ռումինիայում գործող կազմակերպությունների հետ

Հոդվածում նշվում է, որ տվյալ ռումինական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Ալիևների ընտանիքի օֆշորային գումարներով, Ռումինիայում գործող այլ պրոադրբեջանական կազմակերպությունների և անհատների հետ միասին կազմում են մեծ ցանց, որի գործունեությունը որոշ դեպքերում անցնում է օրինականության սահմանը: Հոդվածում բացահայտված են մի շարք ռումինական անուններ` կապված տվյալ ցանցի հետ:

Ռումին գեներալ, 1989թ. հեղափոխությունից հետո երկրի արտաքին հետախուզության երկրորդ մարդ Գեորգե Դրագոմիրը, ով Ռումինիա-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի առաջին ղեկավարն է եղել 2005-2007թթ., հերքել է իր և Հեյդար Ալիևի կոմունիսական շրջանի հետախուզական ծառայության ընացքում անձնական ծանոթության մասին լուրը: Պալատի ստեղծման մասին նա նշել է, որ Ադրբեջանի դեսպանությունը բանակցություններին եկել էր ոչ թե ադրբեջանական ընկերությունների առաջարկներով, այլ արդեն Ռումինիայում գործող ընկերությունների առաջարկներով` Ռուսլան Վալադովի և որոշ մոլդովացիների միջամտությամբ:

2013թ. ապրիլին Ռումինիա-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել Բուխարեստի ոստիկանության կողմից, ինչի հիմնական թիրախն էր պալատի ղեկավարության գործունեությունը: Գործ է հարուցվել նրանց հետ կապված տարբեր ընկերություների կողմից շուրջ 2 մլն եվրոյի փողերի լվացման և ապօրինի գործարքների համար` կապվածպալատի գործադիր տնօրեն Ռուսլան Վալադովի հետ և նախկին տնօրեն Ալև Բալջի-Կուրպեդինի, ով նաև«Հեյդար Ալիև» հիմնադրամի գրասենյակի շենքը ադրբեջանական գումարով գնած մոլդովացի Վալերիու Բալաբանի գործընկերն է: Խուզարկություններից հետո հարուցված գործով մինչ այսօր ոչ մի անձի մեղադրանք չի առաջադրվել:

Բալաբանն իր ներդրումն է ունեցել նաև Բուխարեստում «Հեյդար Ալիև» հուշարձանի տեղադրման ընթացքում իրականացված խարդախություններին: Այսպես, 2007թ. Ռումինիայի նախագահ Բասեսկուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես բացեցին Ալիև ավագի կիսանդրին և շրջակա բարեկարգված տարածքները, ինչի վրա պաշտոնապես ադրբեջանական կողմը ծախսել է շուրջ 2 մլն եվրո: Բարեկարգման-շինարարական աշխատանքների կատարումն, ինչպես նաև ամբողջ գումարը հանձնվել էր «Opal Consulting SRL» ընկերությանը, որը նույնպես պատկանում է Բալաբան ընտանիքին` «Հեյդար Ալիև» հիմնադրամի գրասենյակի սեփականատիրոջը:

Ադրբեջանական ցանցը Ռումինիայում

Ռումինիայում ադրբեջանական ցանցի ևս երկու ընկերություն` «Stones Invest Capital»և«European Eye Center», կապված են թուրքական միջազգային կազմակերպված հանցավորության հետ: Վերջինը, որը ստեղծվել է Վալադովին պատկանող «Intelect Prestige» ընկերության գումարներով, հետագայում փոխանցվել է թուրք Հաջիսուլեյմանօղլուին, որը հետագայում ձերբակալվել է ևարտահանձնվելԹուրքիայի ծանր հանցագործությունները հետաքննող հաստատության դիմումով:Նշվում է նաև տվյալ ընկերությունների կապերը տարբեր պետական հաստատությունների հետ: Օրինակ, 2011թ. վարչապետ Էմիլ Բոկը ներկա է գտնվել «European Eye Center»-ի ներդրումային ծրագրերից մեկի բացմանը, իսկ «lui Taylor»նորզելանդական գրանցում ունեցող ընկերությունը, իր ռումին գործընկեր «Kiss Laszlo»-ի հետ պաշտոնապես խորհրդատվական ծառայություններ են մատուցել բազմաթիվ ռումին քաղաքական գործիչների և ձեռներեցների: Վերջինս ձերբակալվել է 2010թ.` Ռումինիա-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի մաս կազմող մի ընկերության ներկայացուցչի հետ միասին:

«Rise Project»-ը լրագրողական հետաքննությունների համար նախատեսված պլատֆորմ է, որին մասնակցում են Ռումինիայի և հարակից երկրների լավագույն լրագրողներ և իրավապաշտպաններ: Վերջին ամիսներին կազմակերպությունն արդեն երրորդ անգամ է անդրադառնում Ադրբեջանին: Կազմակերպությունը 2014թ. դեկտեմբերին բողոքի ակցիա էր կազմակերպել Ռումինիայում Ադրբեջանի դեոսպանատան դիմաց` լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու պահանջով, իսկ ս/թ. մայիս ամսին լոնդոնյան «Frontline Club»-ի Բուխարեստի մասնաճյուղում կազմակերպել էր Ադրբեջանում խոսքի ազատությանը նվիրված միջոցառում` ադրբեջանցի վտարանդի լրագրողների վիրտուալ մասնակցությամբ:

Օգոստոսի 30-ին եվրոպառլամենտի պատգամավոր, Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու, արդարադատության նախկին նախարար Մոնիկա Մակովեյը, ով հայտնի է քաղաքացիական հասարակությանը սատարող ակտիվ գործունեությամբ, տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնել վարչապետ Պոնտայի կողմից Եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեումՌումինիայի կողմից առաջադրված քաղաքացիական հասարակությունը ներկայացնող 5 թեկնածուների ցանկի վերաբերյալ: Հատկանշական է, որ, ըստ Մակովեյի, թեկնածուներից Մարիուս Օպրանն«Ադրբեջանական ավտորիտար ռեժիմի կողմից ստեղծված և ֆինանսավորվող լոբբիստական ցանցի պաշտոնական անդամ է»:

Այսպիսով, Մակովեյը միացել է բազմաթիվ Ռումինական հ/կ-ներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, որոնք օգոստոսի 14-ին բողոքի նամակով դիմել են ԵՄ խորհրդին և այլ ԵՄ կառույցներին, «EESC» ռումին ներկայացուցչերի 3-րդ խմբի կազմի դեմ: Ըստ նամակի` Օպրանը պահեստային գեներալ է, զբաղվում է ձեռներեցությամբ անվտանգության համակարգերի և ռազմամթերքի ոլորտներում և«UGIR-1903» գործատուների միության նախագահն է: Այստեղ նա նույնպես բնութագրվում է որպես ադրբեջանական ավտորիտար ռեժիմի կողմից ֆինանսավորվող լոբբիստական ցանցի պաշտոնական անդամ(Ռումինիան EESC-ում ներկայացված է 15 անդամով, որոնք բաժանված են 3 խմբի. 3-րդ խմբում ներկայացված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ):

Օպրանը նաև բազմաթիվ պրոադրբեջանական հետազոտությունների և զեկույցների հեղինակ է: Օրինակ` 2011թ.«Black Sea-Caspian Sea International Fund»-ի Ադրբեջանին նվիրված զեկույցում նա բարձր է գնահատում այդ երկրի առաջընթացը ժողովրդավարացման և մարդու իրավունքների ոլորտներում, ինչպես նաև ներառում է ադրբեջանական դրույթներ «օկուպացված տարածքների» վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]