Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հնագետները կվերականգնեն «Զորաց քարերի» քարարկղային դամբարանի մուտքը

Հնագետները  կվերականգնեն «Զորաց քարերի» քարարկղային դամբարանի մուտքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանում հնագետներն իրենց աշխատանքները կսկսեն ուշ աշնանը` Մեծամոր քաղաքատեղիի հնագիտական պեղումների 50-ամյակին նվիրված գիտաժողովից հետո: Եղանակային պայմաններն ու անձրևներն անգամ չեն խանգարում հնագետներին հետամուտ լինել պատմության ուսումնասիրությանը: «Ջուրը նաև պտղաբերություն է խորհրդանշում, ինչը նշանակում է, որ մեր գործերը հաջողությամբ կընթանան: Ինձ մի փոքր անհանգստանցնում է, որ դամբարանի մաքրման ժամանակ անձրև չգա»,- «Արմենպրես»«-ի հետ զրույցում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքերի գծով տեղակալ, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագետներն այս տարի նախատեսում են վերականգնել «Զորաց քարերի» հիմնական կառույցի կենտրոնում գտնվող քարարկղային դամբարանի մուտքը` դամբարանախուցն ուսումնասիրելու համար: «Վերականգնելու ենք դրոմոսը` դամբարանախուց տանող ճանապարհը, որով 7 մետր գետնի տակ շարված քարերի միջոցով հանգուցյալին իջեցրել են 7 մ երկարություն և 3 մ լայնություն ունեցող դամբարանախուց: Քարերը շարվելու են իրենց տեղերում, և իջնելու ենք դամբարանխուց»,- կատարվելիք աշխատանքները ներկայացրեց Փիլիպոսյանը:

2014 թվականին հնագետների խումբը տեխնիկայի միջոցով դամբարանի սրահից զգուշությամբ բարձրացրել և վերականգնել է 5-ից ավելի ծածկասալ: Կատարվել են ստուգողական ուսումնասիրություններ` պարզելու համար դամբարանի կառուցվածքը, երկարությունը, և դամբարանի կապը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված քարերի հետ: Ստուգողական պեղումների արդյունքում արձանագրվել է, որ կռոմլեխի (մեգալիթյան կառույցի տեսակ) շրջագծային երկարությունը 18 մետր է, իսկ դամբարանի հեռավորությունը ուղղաձիգ կանգնեցված քարերից` մեկ մետր:

Փիլիպոսյանի կարծիքով` քարերը կանգնեցվել են ռազմավարական նշանակության պարիսպ կառուցելու համար: «Երկու կողմից մեծ քարեր են դրել, իսկ ներսը լցրել են խիճ: Հավանաբար, պարիսպները կառուցելու ժամանակ դամբարաններն արդեն չեն օգտագործվել և դրա լավագույն ապացույցը դամբարանում գտած մոտ երկու արկղ, մ.թ.ա. 10-9-րդ դարերով թվագրվող խեցեղենն է, որի հետ խառնված երևան են եկել 11-13-րդ դարերի միջնադարյան ջնարակված խեցու բեկորներ, Անիին, Դվինին բնորոշ` կնոջ ապակյա ապարանջաններ: Ամենայն հավանականությամբ, 13-րդ դարում մոնղոլների արշավանքի ժամանակ այս դամբարններում մարդիկ պատսպարվել են»,- պարզաբանեց հնագետը:

Մասնագիտական գրականության մեջ հնագիտական այս հուշարձանի վերաբերյալ տարբեր թվագրություններ են նշվում. ուսումնասիրողների մի մասը հակված է հուշարձանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ, 1-ին հազարամյակի կեսերով (Ստ. Եսայան, Օ. Խնկիկյան), իսկ մյուս մասը` մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներով (Պ. Հերունի):

ՀՀ կառավարության 2009թ.-ին կայացված որոշմամբ` «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ  2010թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

Հուշարձանը XX դ սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.): Նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին:

Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել, և միայն 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից 2013թ. հաստատված  տարեկան 3,0 մլն գումարի չափով ֆինանսավորվող ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2014թ.-ից վերստին սկսվել են «Զորաց քարերի» պեղման և ուսումնասիրության աշխատանքները (ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբ, ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյան): Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլ նաև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները:

2014թ. իրականացվել է արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, որի համար հատկացվել է 600.0 հազ. դրամ: Նույն տարում ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և տուրիստական ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ իրականացվել է ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման հողի հարթեցման աշխատանքներ:


Լուսանկարը` Wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]