Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր. Արմեն Աշոտյանի ուղերձն ուսանողներին

Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր. Արմեն Աշոտյանի ուղերձն 
ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի խոսքը.  

«Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»:

Սիրելի ուսանողներ, մեկնարկում է նոր ուսումնական տարին: Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր, օգտագործեք ձեր լավագույն տարիները` որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, և մեր կողմից իրականացվող  գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:

Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, կրթության համակարգում ներկայիս իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է մեր միասնական ու  հետևողական աշխատանքով: Նոր ուսումնական տարին սկսենք աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: Համատեղ ջանքերով կրթական համակարգը դարձնենք առավել կատարյալ, որակյալ ու մրցունակ: Մեզանից պահանջվում է լինել  պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը,  մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ: Լավագույն ցանկություններով`  Արմեն Աշոտյան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]