1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանում դեմոկրատական ընտրությունների մթնոլորտ չկա. ադրբեջանական ինստիտուտ

Ադրբեջանում դեմոկրատական ընտրությունների  մթնոլորտ չկա. ադրբեջանական ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը (ԱԴՆԻ) հանդես է եկել Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում նախընտրական իրավիճակի գնահատման զեկույցով, որում նշվում է, որ Ադրբեջանում բացակայում է նախընտրական մթնոլորտը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, 15 էջանոց փաստաթղթում ասվում է, որ չնայած ընտրությունների կազմակերպման տեխնիկական կատարելագործման միջոցառումներին, Ադրբեջանում դեմոկրատական միջավայրի համար լուրջ դժվարություններ են մնում:

Վերջին 12 տարիներին Ադրբեջանի ընտրական օրենսգրքում 200-ից ավելի  փոփոխություններ են կատարվել, որոնք հասարակական համաձայնություն չեն ստացել: Շատ ուղղումներ հակադեմոկրատական բնույթ են կրել եւ սահմանափակել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ընտրական արշավի ժամկետը 120 օրից իջեցվել է 60-ի, երկու անգամ կրճատվել է ընտրողների ստորագրությունները հավաքելու համար ժամկետը, ագիտացիոն արշավի ժամանակաշրջանը սահմանափակվել է 22 օրով: Բացի այդ, սահմանափակվել են ընտրողների հետ հանդիպումների վայրերը, վերացվել է ընտրողների ստորագրությունների թերությունները փակող դրամական դեպոզիտ առաջադրելու կարգը:

Զեկույցում ասվում է, որ միջազգային եւ տեղական հասարակական-քաղաքական կառույցների կոչերին հակառակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցնում են մի միջավայրում, որոտեղ բացակայում է իշխող կուսակցության եւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունը:

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հետ կապված խնդիրը լուրջ բնույթ է ստացել, իսկ նրանց ազատ արձակելու մասին տեղական եւ միջազգային հասարակության կոչերն իշխանություների կողմից արհամարհվում են:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը կաթվածահար վիճակում է:

Ամբողջ երկրում ազատ հավաքների համար հնարավորությունները սահմանափակվել են: Հանրահավաքներ Բաքվում կարող են անցկացվել միայն մի վայրում, այն էլ` կիսափակ իրադրությունում:

Բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ եւ անկախ ՀԿ-եր զրկված են ունենալու իրենց գրասենյակները: Անհնարին է դարձել նաեւ փակ տարածքներում միջոցառումների անցկացումը: Քաղաքական օրակարգով միջոցառումների անցկացումն Ադրբեջանում անհնարին է դարձել անգամ համաշխարհային բրենդի 5 աստղանի հյուրանոցներում:

Ձերբակալությունները, դատական գործընթացները, ֆինանսական պատժամիջոցները, բանկային հաշվների սառեցումը, հետաքննությունների անցկացումը եւ լրագրողների վրա ճնշման այլ ձեւերը լրջորեն ազդում են մամուլի ազատության վրա` անհնարին դարձնելով ազատ կերպով կարծիք արտահայտելը:

Դատարաններն Ադրբեջանում մնում  են իշխանություններից կախված վիճակում: Նրանք ի վիճակի չեն արդարություն ապահովել երկրում:

Ադրբեջանական ԱԴՆԻ-ին հայտնի իրավաբանների եւ հասարակական գործիչների կողմից ստեղծվել է 2013 թվականի նոյեմբերին: ԱԴՆ-ին գլխավորում է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աքիֆ Գուրբանովը, ով ժամանակին այդ պաշտոնում առաջադրվել էր «Ումիդ» կուսակցության կողմից:

Զեկույցը հանդես է եկել իշխանություններին ուղղված մի շարք հանձնարարություններով` ազատ արձակել Ադրբեջանում գտնվող մոտ 100 քաղբանտարկյալներին եւ «խղճի բանտարկյալներնին», պաշտպանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ ընտրական օրենսգրքի կատարելագործման գծով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնությունները, ապահովել հավաքների եւ միավորումների ազատությունը` պայմաններ ստեղծելով կուսակցությունների եւ ՀԿ-երի ազատ գործունեության համար, վայրեր հատկացնել քաղաքների կենտրոններում պիկետների եւ ցույցերի անցկացման համար, վերջ դնել գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների կողմից ընտրական հանձնաժողովների աշխատանքներին ապօրինի միջամտությանը, հեռուստաալիքներում մտքերի փոխանակումներ կազմակերպել ընդդիմադիր եւ անկախ թեկնածուների մասնակցությամբ, ընտրական հանձնաժողովների անդամների համար մարդու իրավունքների եւ ազատությունների Եվրոպական կոնվենցիայի դրույթների, ինչպես նաեւ Եվրոդատարանի նախադեպային որոշումների մասին թրեյնինգներ անցկացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]