Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում և Չինաստանում առևտրային ներկայացուցչությունների բացումը նախատեսող համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում և Չինաստանում առևտրային 
ներկայացուցչությունների բացումը նախատեսող համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր, որը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ համաձայնագիրն էապես կնպաստի Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ առևտրական ներկայացուցչությունները լուրջ գործիք են:  

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե նման ներկայացուցչություններ որ երկրներում ունենք: Ճշմարիտյանը նշեց, որ ներկայացուցչություններ կան Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգտոնում:

Հովիկ Աբրահամյանը կարևորեց ներկայացուցչությունների և դեսպանատնտների ակտիվ գործունեությունը և նշեց. «Նպատակն է, որ այդ մարդիկ գործ անեն, դեսպաններին օգնեն ներդրողներ բերել, փորձեն նպաստել տնտեսության ակտիվացմանը»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աբրահամյանը:

Համաձայնագրով նախատեսվում է Չինաստանի տարածքում հիմնել ՀՀ առևտրական ներկայացուցչություն, իսկ ՀՀ տարածքում համապատասխանաբար հիմնել ՉԺՀ առևտրական ներկայացուցչություն:

ՀՀ Նախագահի 2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։

«Այս համատեքստում առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել երկու երկրների տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը  և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը:       

Առևտրային ներկայացուցչությունների հիմնումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանի Հանրապետության նախագահի վերոնշյալ այցի շրջանակներում ստորագրված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հայ-չինական առևտրա­տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին Հուշագրի դրույթների իրականացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով Համաձայնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների  միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու հարցում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]