Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում սեպտեմբերի 1-ից կգործի համար 15 երթուղին

Երևանում սեպտեմբերի 1-ից կգործի համար 15 երթուղին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ, և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության կողմից կսահմանվի ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից կգործի համար 15 երթուղին, որով կապահովվի Նոր Նորքի 6-րդ և 1-ին զանգվածների, ինչպես նաև  Շենգավիթ վարչական շրջանի Աերացիայի հատվածի տրանսպորտի սպասարկումը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվել է 48 անուն 188 հազար դասագիրք: Դպրոցների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման  գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն ամբողջությամբ պատրաստ է  և հանձնվել է Երևան համայնքին: Մյուս շենքերում աշխատանքներն ավարտական փուլում են:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: 2 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 79 դեպքի մասով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել  է  առավել խիստ և հետևողական լինել արատավոր այս երևույթի կանխարգելման հարցում: Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելու նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 26 վարչական արձանագրություն է կազմվել:  Հանձնարարվել է շարունակել և խստացնել հսկողությունը:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են խոտհնձի, ոռոգման, թփերի ձևավորման, հողային  շերտի վերափոխման և պարարտացման  աշխատանքները:

Զեկուցել է, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով այս տարի կազմակերպվել և անցկացվել է շուրջ 55 միջոցառում: Ծրագրի եզրափակիչ՝ «Ցտեսություն ամառ», միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, Կարապի լճի հարակից տարածքում: Նաև զեկուցվել է, որ սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում տեղի կունենա Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան  նորակառույց զբոսայգու բացման  հանդիսավոր արարողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]