Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովունիի խոնարհված եկեղեցում մատուցվեց Աստվածածնի գոտու տոնին նվիրված պատարագ

Հովունիի խոնարհված եկեղեցում մատուցվեց Աստվածածնի գոտու տոնին նվիրված 
պատարագ

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի թեմակալ առաջնորդի ձեռամբ օգոստոսի 30-ին պատարագ մատուցվեց Հովունի համայնքում: Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից  մեկին`Աստվածամոր գոտու  հայտնվելու տոնին նվիրված պատարագը Շիրակի թեմի առաջնորդ Միաքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցեց գյուղի խոնարհված եկեղեցում:

Գոտու գյուտի տոնը Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից է: Արկադիոս կայսեր օրոք (395-408թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին: Այն հանդիսավորությամբ տեղափոխվում է Կ. Պոլիս և պահվում Սուրբ Աստվածածին անունով նորակառույց եկեղեցում: Հայ եկեղեցին մինչև 18-րդ դարն այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774թ-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այս տոնը, որը յոթ օրվա շարժունակությամբ տոնվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ի դեպ,  Հովունի համայնքի եկեղեցին կրում է Աստվածածնի անունը: 1820-1860 ականներին կառուցված եկեղեցին հիմնականում վնասվել է երկրաշարժերի հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարմաշենի հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, եկեղեցու մասին կցկտուր տեղեկություններ են պահպանված, բայց, ինչպես մյուս եկեղեցիները, այս մեկը ևս խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ: Այսօր եկեղեցին բաժանված է երկու մասի՝ մի մասն այդպես էլ ամայի կանգուն է մնում, իսկ եկեղեցական ծեսեր, պատարագներ ու ժամերգություններ կատարվում են  մյուս հատվածում: Թեեւ եկեղեցին խիստ վթարային է՝ տանիքը փլվելուց պաշտպանում են հատուկ տեղադրված գերանները, սակայն գյուղաբնակները,  ոչ այնքան հաճախ, բայց եկեղեցի հաճախում  են: «Եկեղեցին  վերանորոգելու ծրագիր վաղուց ունի համայնքը, բայց ամբողջական միջոցներ, ցավոք, չկան: Թեև պետք է ամբողջ գյուղը գա այն մտքին, որ կամաց-կամաց պետք է եկեղեցին  վերանորոգվի, այլապես, միանգամից չի լինի: Հուսանք, որ կգա մի օր, որ եկեղեցին կվերականգնվի»,-նշեց Տեր Փառեն քահանը Պետրոսյանը:

Եկեղեցու վերանորոգման խնդրին անդրադարձավ նաև Միքայել սրբազանը՝ կոչ անելով երիտասարդներին միանալ և միասնական աղոթքով օգնել սեփական գյուղի եկեղեցին վերականգնելուն: «Եկեղեցին այս վիճակին հասել է մեր ձեռքով և մեր ձեռքով էլ պետք է վերականգնենք: Գյուղի երիտասարդներն անելիք ունեն: Եկեղեցու այսպիսի վիճակն անթույլատրելի է, սա ամոթ է բոլորիս համար: Եկեղեցու այս վիճակից տուժում է գյուղը. եթե մի պատահական մարդ անցնի գյուղով և տեսնի եկեղեցին, գյուղի մասին լավ կարծիք չի կազմի»,-նշեց  սրբազանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ պատարագը կմատուցվի եթե ոչ ամբողջովին վերականգնված, գոնե որոշակիորեն վերոնորոգված եկեղեցում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]