Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մինասի գույներով» նկարչական մրցույթը Շիրակում համախմբել է 45 արվեստագետների

«Մինասի գույներով» նկարչական մրցույթը Շիրակում համախմբել է 45 
արվեստագետների

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինասի գույներով» խորագրով միջոցառումն այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ-միջազգային  հավաքն  այս անգամ ևս  կազմակերպվել է Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած` երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: Այս ընթացքում՝ օգոստոսի 27-30-ը,  երիտասարդ նկարիչները ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով  հենց Մինասի գույներով: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք  պլեների անցկացման համար:

Պլեները մեկնարկեց շքերթով, ապա, ինչպես միշտ, հնչեցին պլեների հիմնը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ողջույնի խոսքը: Ի դեպ, պլեների բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայագրեր, իսկ ամենաակտիվները` պատվոգրեր: Կազմակերպվեց նաև այս ընթացքում երիտասարդ նկարիչների ստեղծած լավագույն նկարների ցուցադրություն, իսկ վերջում բոլորը միասին իրենց երևակայությանն արդյունքները հանձնեցին նույն կտավին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից: Պլեների շրջանակներում    հանրապետության բոլոր մարզերից  և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը համատեղում են  վարպետության դասերով և հետաքրքիր  հանդիպումներով: Նախագծի նպատակն է ՀՀ եւ այլ երկրների երիտասարդ արվեստագետների միջև միջմշակութային համագործակցության հարթակ ստեղծելը՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության եւ տարածաշրջանում կայունության  եւ ապահովման երաշխիք:

«Այս անգամ պլեները նվիրված է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Այս միջոցառումն իր հերթին նվիրված է նաև Մարտիրոս Սարյանի ծննդյան 135-ամյակին և Մինաս Ավետիսյանի մահվան 40-րդ տարելիցին: Պլեները համախմբել է 45 երիտասարդ արվեստագենտների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և ՌԴ-ից: Պլեների ձևաչափը նույնն է՝ էքրսկուրսիաներ, ճանաչողական այցեր. փորձելու ենք ավելի շատ շեշտը դնել վարպետության դասերի վրա՝ հնարավորինս ավելի շատ փորձառու մասնագետներ ներգրավելով: Երիտասարդները հնարավորություն կունենան այս ընթացքում նկարելու Շիրակի բնությունը, պատմական ու մշակութային հուշարձանները՝ շիրակյան գույներով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր  մասնագետ Աղավնի Հարությունյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է պլեներին մասնակցելու ցանկություն հայտնած նկարիչների թիվը:

Այս  տարի ծրագրին մասնակցում է  16-30 տարեկան 45 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից եւ ՌԴ-ից: 

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]