Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հնագետը կարեւորում է Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումը

Հնագետը կարեւորում է Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումը

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են պատմագիտական եւ հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ իրեր, որոնց հետագա խնամքը, պահպանությունը եւ ցուցադրությունը պահանջում են համապատասխան հոգացություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքում հնագիտական պեղումներ իրականացնող  արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումն իր մտահղացումն է, որն արդեն ներկայացրել է համայնքի ղեկավարի եւ ավագանու ուշադրությանը:

«Սոթքում հայտնաբերված հնագիտական արժեքները, որոնք փաստում են Հին Հայաստանի բնակիչների կենցաղի, հավատալիքների, հանրային կյանքի, սովորույթների, մշակույթի, մարդաբանության, այլ կարեւոր տեղեկությունների մասին, պետք է պահպանվեն այն տարածքում, որտեղից որ պեղվել ու դուրս են բերվել լույս աշխարհ: Եթե տեղական իշխանությունը չընդառաջի իմ առաջարկին, ողջ պեղածո նյութը կարող ենք ի պահ տալ Գավառի երկրագիտական թանգարանին: Սակայն, շատ ավելի ցանկալի ու տեղին կլիներ, եթե այդ կարեւորագույն, նորահայտ արժեքները պահպանվեին հենց Սոթքում` մի բնակավայրում, որը գտնվում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի խաչմերուկում, որտեղ մեր հայրենակիցները թանգարանային ցուցադրության միջոցով կարող են ծանոթանալ մեր հայրենիքի հնագույն պատմությանը»,-  կարեւորեց հնագետ Արսեն Բոբոխյանը:

Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը` Սոթք համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ ինքը ոչ միայն կողմ է գյուղում պատմագիտական թանգարանի ստեղծմանը, այլ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է դրա կայացմանը: «Տարածքի խնդիր կարող ենք լուծել, սակայն նորոգման ու կահավորման համար կփորձենք այլ կազմակերպությունների կամ հովանավորների օգնությամբ գտնել համապատասխան միջոցներ»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Արսեն Բոբոխյանը հավատացած է, որ հետագա տարիներին սպասվող պեղումների արդյունքում եւս կգտնվեն բազմաթիվ նոր արժեքավոր հնագիտական նյութեր, որոնք կհարստացնեն ոչ միայն նորաստեղծ թանգարանը, այլ նաեւ` հնագիտությունը եւ հայագիտությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]