Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ն կանի հնարավորը «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության համար

ՈՒԵՖԱ-ն կանի հնարավորը «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպմանը Մխիթարյանի 
մասնակցության համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ն կանի հնարավորը, որպեսզի Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը կարողանա մասնակցել ադրբեջանական «Գաբալա»-ի հետ «Բորուսիա»-ի արտագնա հանդիպմանը:

Օգոստոսի 28-ին Մոնակոյում կայացած ասուլիսի ժամանակ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը կարող է վիզա չտալ Հենրիխ Մխիթարյանին, հույս է հայտնել, որ ցանկացած ֆուտբոլիստ  իրավունք կստանա մասնակցել մրցաշարին` անկախ քաղաքականությունից կամ վիզայի թույլտվություն ստանալ կամ չստանալուց: «Այս դեպքում էլ մենք կանենք ամեն ինչ, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է նա:

Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ: Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով:

Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս էր հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես փոխանցել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ն, այդ մասին նշել էր դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն: «Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի, հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել էր Ֆլիգգեն:

Միաժամանակ, Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:

Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:

ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]