ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Վրաստանին՝ շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ, իսկ վրաց-նատոյական համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսի իր այցի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնն օգոստոսի 27-ին բացվել է Թբիլիսիի մերձակա «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես եւ ՆԱՏՕ-ն շարունակում ենք հորդորել Վրաստանին՝ շարունակելու երկխոսությունը ՌԴ-ի հետ: Պաշտպանությունը, փուլային քաղաքականությունը, հաստատուն դիրքորոշումը եւ երկխոսությունը չեն հակասում միմյանց: Ռուսաստանն ապագայում էլ լինելու է Վրաստանի մեծ հարեւանը, եւ երկխոսությունը միշտ էլ անհրաժեշտ է լինելու»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նաեւ նշել է, որ «ապակառուցողական եւ սադրիչ քայլերը, որոնք Ռուսաստանը վերջին ժամանակներս իրականացնում է տարածաշրջանում, չեն նպաստում անվտանգության ամրապնդմանը»:
Անդրադառնալով համատեղ ուսումնական կենտրոնի թեմային՝ գլխավոր քարտուղարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ «կենտրոնն ուղղված չէ որեւէ երկրի դեմ»: «Ընդհակառակը, կենտրոնն ստեղծվում է, որպեսզի էլ ավելի ուժեղացնի տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը: Դա մեր ընդհանուր ուղին է: Մենք օգնում ենք Վրաստանին՝ նախապատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Անտարակույս, դեռ շատ բան կա անելու, բայց Վրաստանն արդեն հաջողությունների է հասել»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Ռուսաստանը Վրաստանի տարածքում վրաց-նատօյական ուսումնական կենտրոնի բացումը գնահատել Է որպես դաշինքի հերթական սադրիչ քայլը տարածաշրջանի իրադրության ապակայունացմանն ուղղված քաղաքականության մեջ: «Մենք այդ քայլը գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված Է իր աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը, ընդ որում՝ հաճախ դաշինքի գործընկեր երկրների ռեսուրսների օգտագործմամբ»,- հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բացի այդ, Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի նման ռազմական օբյեկտի տեղակայումը ապակայունացնող լուրջ գործոն կդառնա տարածաշրջանի անվտանգության համար»,-հավելել Է նա: «Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են Թբիլիսիին ակտիվորեն ներքաշել ՆԱՏՕ, պետք Է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը, անտարակույս, նկատի առնելով այն տխուր փորձը, որը տարածաշրջանում եղել Է 2008 թվականին»,-ասել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում