Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը կհամախմբի հանրահայտ երաժիշտների

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը կհամախմբի հանրահայտ 
երաժիշտների

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ կամերային ու սիմֆոնիկ համերգներ, ճանաչված հյուրեր, երաժշտական ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ. հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվող միջոցառումը երաժշտասերներին չի հիասթափեցնի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս տարվա փառատոնը լինելու է շատ ավելի մեծ, քան 2014 թվականինը:

«Շատ ավելի լայն ծրագիր և արտիստների կազմ ունենք:Կան ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչելու Հայաստանում: Փառատոնի մեկնարկին հանդես կգանք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Իվա Միլետիչի հետ: Նա կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը նշեց, որ փառատոնային համերգները տեղի կունենան հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում` չորեքշաբթի և շաբաթ օրերին: Ընդ որում` չորեքշաբթի կանցկացվեն կամերային, շաբաթ` սիմֆոնիկ երեկոներ:

«Այս տարի մեզ համար շատ կարևոր տարի է, Հայոց ցեղասպանության տարելիցն է, բոլոր արտիստները, ովքեր կգան Հայաստան, հասկանում են, թե որքան կարևոր է տարին մեզ համար: Փառատոնի ընթացքում կլինեն համերգներ, որոնք կնվիրվեն մեծանուն մարդկանց հոբելյաններին»,-տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, որ իրադարձության հիմքում հայ ազգի վերածննդի գաղափարն է: «Փառատոնը ստեղծել է նվագախումբ, որը երիտասարդական է. սա վկայում է Հայաստանի ճիշտ մշակութային քաղաքականության մասին: Մենք ցանկանում ենք, որ Հայաստան գան հետաքրքիր համերգների համար` այսինքն, եթե մենք առաջարկում ենք հետաքրքիր արտիստ, համերգ, ծրագիր և մատուցում, ապա, ինչու ոչ, նրանք կգան Հայաստան հատուկ այդ համերգը լսելու: Գուցե դրանով նաև մշակութային տուրիզմի զարգացմանը նպաստենք»,-նշեց նա:

Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը: Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

Երաժշատական միջոցառմանը մասնակցում են դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Աննա Վինիցկայան, Ռուբեն Ասատրյանը, Արմինե Գրիգորյանը, Արուս Աճեմյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, դիրիժորներ Միրան Վոպոտիչը, Հիրոֆումի Յոշիդան, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը և այլք:

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]