Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օձաբերդ ամրոցի պեղումները նոր շերտեր են բացում տեղանքի պատմության տարբեր շրջաններից

Օձաբերդ ամրոցի պեղումները նոր շերտեր են բացում տեղանքի պատմության տարբեր 
շրջաններից

 ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի արեւելյան բլրին գտնվող հնավայրում, որը հայտնի է Օձաբերդ անվամբ, հնագիտական պեղումները փաստել են բնակավայրի եւ ռազմական ամրոցի բազմաշերտությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի համաղեկավար, հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն Միքայել Բադալյանը, սկսած 2014 թվականից, «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազությունների կենտրոնի եւ Հռոմի «Միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի» նախաձեռնությամբ Ծովինարի Օձաբերդում պեղումներ է իրականացնում հայ-իտալական միացյալ միջազգային արշավախումբը (համաղեկավարներ՝ Մ. Բադալյան եւ Ռ. Դան): Պեղումների իրականացումը հնարավոր է դարձել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի եւ ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվո հյուպատոս Պերճ Օհանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Ծովինարի ամրոցը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի միջեւ` ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա: Ժամանակին՝ ընդհուպ մինչեւ Արփա-Սեւան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.) ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը: Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս 1860-ական թվականներին՝ այն բանից հետո, երբ ամրոցի բլրի արեւմտյան քարաժայռերից մեկին հայտնաբերվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից փորագրված արձանագրությունը: Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում պատերազմի աստծուն նվիրված քաղաք կառուցելու մասին: 20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ: 1934 թվականին Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից : Սակայն, հնագիտական աշխատանքները տեւել են ընդամենը մեկ տարի, եւ, ցավոք, դրանց արդյունքները հրապարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Ըստ այդ հաղորդումների՝ 1934 թվականի հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական եւ վաղ բրոնզեդարյան շերտեր: Օձաբերդի արևելյան եւ հարավարևելյան բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ: 1960-ական թվականներին Օձաբերդում չափագրումներ է կատարել Գեդեոն Միքայելյանը, իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետազություններ եւ չափագրումներ են իրականացվել Սեւանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից : Արդյունքում արվել է հուշարձանի տեղահանույթը, ինչպես նաեւ կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է վաղ բրոնզի շրջափուլից մինչեւ զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:

«Օձաբերդն իրավամբ հանդիսացել է Սեւանա լճի հարավային ավազանի կարեւորագույն կենտրոններից մեկը: Ուրարտացիների համար Օձաբերդը չափազանց կարևոր դեր ուներ: Այն հենակետ էր, որը հսկում էր Սեւանի ավազանի հարավային երկայնքով տարածվող ամրոցների շղթան, Վայոց Ձորից դեպի Սեւանի ավազան տանող Վարդենյաց լեռնանցքի եւ նույն լճի հարավային ավազանով տարածվող ճանապարհները: Այս համատեքստում, չպետք է մոռանալ Սոթքի ոսկու հանքերի մասին: Օձաբերդն իր կարեւոր նշանակությունն ուներ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան գոտու կիկլոպյան ամրոցների համակարգում»,-նշեց Միքայել Բադալյանը:

Ըստ արշավախմբի համաղեկավարի` հնագիտական աշխատանքները կենտրոնացվել են երեք տեղամասերում՝ A. հնավայրի հարավարեւելյան հատվածում, B. միջնաբերդում, եւ C. հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին: Պեղումներին մասնակցել են հայ, իտալացի, ռուս, ամերեկացի եւ լեհ մասնագետներ:

Պեղումները պարզեցին, որ A տեղամասը մի կառույց է, որն անմիջականորեն կապ է ունեցել դեպի Օձաբերդ տանող հարավարեւելյան ճանապարհի հետ: Այստեղ ֆիքսվեցին ուշ ուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջանի մի քանի հնագիտական շերտեր: Նախնական արդյունքների համաձայն` կարելի է ասել, որ առաջին փուլում ամրոցի պարսպաշարի բարձրությամբ արվել է հարթեցում, որոնց վրա բարձրացվել են կառույցի արեւելյան եւ հյուսիսային կիսակիկլոպյան շարվածքով պատերը: Կառույցի հարթեցված քարերը պատվել են կավածեփ հատակով: Ավելի ուշ փուլում կառույցի գործառույթը փոխվել է: Հյուսիսային պատին զուգահեռ ավելացվել է կցապատ: Ըստ երևույթին, հենց այդ կցապատի կառուցման ժամանակ էլ փակվել է կառույցի հյուսիսային պատի մուտքը: Պեղումների արդյունքում ֆիքսվել է հինգ հատակ, որոնցից առնվազն երեքը՝ հրկիզման հետքերով: Գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, այրված փայտի մնացորդներ, տեղական ավանդույթով պատրաստված աղյուսներ եւ այլն: Այս հատվածի ուսումնասիրությունը կարեւոր է, քանի որ կառույցին վերաբերող շերտերը վերաբերում են ուշուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջաններին:

Պեղումներ են իրականացվել նաեւ միջնաբերդում՝ արեւմտյան մուտքից արեւելք (տեղամաս B): Այս հատվածի ուսումնասիրությունները պարզեցին, որ հետուրարտական փուլում մշակվել է միջնաբերդի հիմնաժայռը: Ֆիքսվեց մանրախճային հիմքով կավածեփ հատակ, որը թվագրվում է հետուրարտական ժամանակաշրջանով: Այս հատվածում ավելի վաղ շերտեր ի հայտ չեկան:

Չափազանց կարեւոր արդյունքներ գրանցեցին հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին (տեղամաս C): Այստեղ բացվեցին Օձաբերդի բնակավայրի առաջին սենյակաները: Այս կառույցները եւս թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով: Այս առումով բացված սենյակներն ունեն բացառիկ նշանակություն: Սրանք Սեւանի հարավային ավազանում առայժմ պեղված առաջին կառույցներն են, որոնք փաստում են, որ եւ’ ամրոցում, եւ’ բլրին հարակից տարածքներում հետուրարտական շրջանում (Ք. ա. VI-V դդ) տեղաբնիկների կենսագործունեությունն ընթացել է զուգահեռաբար: Սենյակներից մեկում դրվեց ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում ֆիքսվեցին իրար հաջորդող ուրարտական եւ նախաուրարտական շերտեր: Այսինքն՝ հետուրարտական շրջանի բնակավայրը կառուցվել է ուրարտական շերտի վրա:

Արշավախմբի կողմից իրականացվել է Օձաբերդի տեղանքի հանույթը եւ արվել են օդալուսանկարներ: Այժմ իրականացվելու են հնաբուսաբանական, հնակենդանաբանական եւ գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ:

2015 թվականի պեղումների նախնական կարեւոր արդյունքները ցույց են տալիս, որ Օձաբերդում ուրարտական ներկայությունը եղել է ոչ երկարատեւ:

Իրականացված պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ առաջին անգամ Սեւանի ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, ըստ որում, հուշարձան, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է տակավին քիչ ուսումնասրիված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ՝ առավել եւս Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան հատվածում: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում` փաստացի նյութի հիման վրա ուսումնասիրել մինչուրարտական, ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում»,-ամփոփեց արշավախմբի համաղեկավարը:

Պեղումների ընթացքում հուշարձան են այցելել անվանի մասնագետներ, զբոսաշրջային խմբեր, անհատներ, ինչը կարեւոր գործոն է հուշարձանի հանրահռչակման համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]