1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի քան 1000 մասնակից վարդագույն Երևանը դարձրեց բազմագույն. կայացավ գունազարդ վազքը

Ավելի քան 1000 մասնակից վարդագույն Երևանը դարձրեց բազմագույն. կայացավ 
գունազարդ 
վազքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը պայծառ ու գունավոր քաղաք կոչվելու ևս մեկ պատճառ ունի. օգոստոսի 15-ին վաղ առավոտյան քաղաքի մի հատվածը գունազարդ վազքի բեմ էր դարձել: Առաջին անգամ Հայաստանում կայացավ երևանյան գունազարդ վազքը, որին ավելի քան 1000 մարդ մասնակցեց: Մասնակիցներն առավոտյան նախավարժանք արեցին, այնուհետև Մարզահամերգային համալրի շրջակայքում տեղակայված «ստարտ»-ից սկսեցին վազքը, որը զուգորդվեց փոշեներկերի իրար վրա լցնելու տարափով: Երեք կիլոմետրանոց վազքուղին ձգվեց Մոնթե Մելքոնյան փողոցի 1.5 կիլոմետրանոց հատվածով եւ նույնքան հետադարձ:

Գունազարդ վազքի կազմակերպիչ «Run Armenia» նախագծի և «Street Workout» կազմակերպության հիմնադիր Ղազար Հակոբյանի խոսքով` իրենց կազմակերպության նպատակն է զարգացնել առողջ ապրելակերպը Հայաստանում:  «Ավելի քան 1000 մարդ է հավաքվել, բոլորի մոտ հրաշալի տրամադրություն է, Հայաստանի, Երևանի համար սա նույնիսկ անհավատալի է: Պարզվում է երիտասարդությունը շատ պոզիտիվ է: Մեծ գոհունակությամբ կարող եմ ասել, որ միջոցառումը կայացել է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Ղազար Հակոբյանը կարծում է, որ գունազարդ վազքը Երևանում տարբեր ձևաչափի միջոցառումների լավ սկիզբ է: «Շատ լավ է, որ գունազանդ վազքը հասավ Երևան, այն նոր էջ է բացում տարբեր ֆորմատի միջոցառումների անցկացման համար: Շատ ուրախ ենք, որ միջոցառման միջոցով կկարողանանք օգնել փոքրիկ տղային` Գոռին, նա դեռ չգիտի այդ մասին, բայց կարծում եմ` շատ կուրախանա, երբ իմանա»,-նշեց Ղազար Հակոբյանը:

Վազքին մասնակցում էին ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ: 6-ամյա Անի Ղարիբյանը մայրիկի ու եղբոր հետ էր այցելել միջոցառմանը: Աղջկան ավելի շատ գրավել էին գունավոր ներկերը, որով նա մեծ ջանասիրությամբ «օծվում էր»: «Մենք որոշել էինք սրանից հետո գնալ լողի, բայց Անին ասաց` կարելի է ես այսպես գնամ բակ, թող բոլորը տեսնեն, որ ես ներկվել եմ»,-պատմեց Անիի մայրիկը: 6-ամյա աղջնակը, ով սեպտեմբերին կգնա 2-րդ դասարան, արդեն գիտի, թե ինչ է պատմելու ամառային արձակուրդներից: «Ես ցանկանում եմ բոլոր գույներն իմ վրա լցնեմ ու թռչկոտեմ: Որ գնամ դպրոց անպայման պիտի պատմեմ այս օրվա մասին»,-նշեց Անի Ղարիբյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի, Էդուարդ Սեպետչյանի

Սոնա Նահապետյանն, ով մասնագիտությամբ սոցիոլոգ է, առողջ ապրելակերպի կողմնակից է և ընկերների հետ վազքի, լողի և այլ մարզաձևերի TriClub ակումբ է հաճախում: «Մտածեցինք ճիշտ կլինի մասնակցել, քանի որ այն նաև բարեգործական բնույթ է կրում, որոշեցինք մեր ներդրումն ունենալ: Ապագայում մեր ակումբը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 4-ին կայանալիք վազքին: Սա լավ փորձ էր ու մարդկանց հետ ծանոթանալու առիթ»,-նշեց Սոնա Նահապետյանը` հավելելով, որ ոգևորիչ է սկսնակ վազորդների մասնակցությունը:

Գունազարզ վազքին մասնակցում էին նաև այլ երկրներից հայեր: Ժորես Գրիգորյանը, ով 52 տարեկան է, եկել էր Իրանից: Ի դեպ նա առաջիններից էր, որ հասավ «ֆինիշին»: Ժամանակին ինքն էլ թեթևատլետ է եղել, հիմա մարզիչ է: «Տեսանք, որ այսպիսի առիթ կա, մտածեցինք մասնակցել: Այլ վայրում նման միջոցառման չեմ մասնակցել: Լոնդոնում դաշտավազքի մասնակցել եմ, բայց այսքան գունավոր չէր»,-նկատեց նա:

Համահայկական խաղերի բազմակի մասնակից Մարտին Նահմուդը ևս Իրանից է: Ուրախ է, որ իր մասնակցությամբ դառնում է բարեգործության մասնակից:

Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, վազքուղու վերջնագիծը հատած առաջին վեց մասնակիցներ` 3 աղջիկ, 3 տղա, ստացան մեդալներ և խրախուսական նվերներ: Հաղթողներն են` Անդրանիկ Մարգարյանը, Սևակ Բադալյանը, Աբել Մանուկյանը և Գաբրիելա Հակոբյանը, Դիանա Սարոյանը, Տաթևիկ Բաբայանը:

Այս միջոցառումն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, վերջապես այն արդեն հասել է Հայաստան: Միջոցառման կազմակերպիչը Run Armenia նախագիծն է

Yerevan Color Run-ի նպատակներից մեկը իննամյա Գոռին օգնություն ցուցաբերելն է: Գոռի ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը՝ հասցնելով տալ նրան գեղեցիկ հայկական անուն և ազգանուն: Գոռը ծնվել է ողնուղեղի շատ բարդ վնասվածքով, որի հետևանքով նա չի կարողանում քայլել, և ունի այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասը ուղղվելու է Գոռի վիրահատման ծախսերին և հարմարավետ սայլակի ձեռքբերմանը:

Միջոցառումը հնարավոր է դարձել մի շարք հովանավորների և Երևանի քաղաքապետարանի օգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]