Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սահմանադրության նոր նախագիծը քաղաքացիներին հանրաքվեի նախաձեռնության հնարավորություն է տալիս

 Սահմանադրության նոր նախագիծը քաղաքացիներին հանրաքվեի նախաձեռնության 
հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազությունը և քննչական մարմիններին: Դատախազությունն, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը:

9-րդ գլխում տեղական ինքնակառավարման մարմինների մասով սահմանվում է, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքները կարող են միավորվել միջհամայնքային միավորման մեջ։ Հանրային շահերից ելնելով՝ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել նաև օրենքով: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։ Գլուխ 10-ը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, ով հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը, մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը: Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Ազգային ժողովն օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին կարող է անձեռնմխելիությունից զրկել պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Գլուխ 11-ում նշվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմին և ձևավորման կարգին առնչվող դրույթներ: ԿԸՀ-ն, ըստ նախագծի, պետք է կազմված լինի յոթ անդամից: ԿԸՀ նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԸՀ անդամ, այդ թվում` ԿԸՀ նախագահ: ԿԸՀ անդամների վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները նախագծի գլուխ 12-ում սահմանելիս նշվում է, որ այն անկախ պետական մարմին է, որը հետևում է հեռուստատեսության մեջ և ռադիոյում կարծիք արտահայտելու և տեղեկատվության ազատության պահպանմանը և պաշտպանում է այդ լրատվամիջոցները քաղաքական ուժերից, տնտեսական շահերից կամ ցանկացած այլ միջամտությունից: Եթերային հաճախություններ այն առաջարկում է հրապարակային և մրցութային կարգով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է դադարեցնել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:

Գլուխ 13-ում անդրադարձ է կատարվել Վերահսկիչ պալատին: «Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ նրանք ֆինանսական միջոցներ են ստացել պետության կողմից, կամ նրանց պարտավորությունների համար պետությունը երաշխիքներ է տվել»,-ասված է նախագծում: Վերահսկիչ պալատը, ըստ սահմանադրության նախագծի նախնական տարբերակի, պետք է կազմված  լինի յոթ անդամից: Վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի անդամ, այդ թվում` Վերահսկիչ պալատի նախագահ: Սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Գլուխ 14-ը Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ է: Ի տարբերություն ներկա Սահմանադրության, երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկով ՀՀ Ազգային ժողովի կողմից, ապա նախագծով Կենտրոնական բանկի նախագահն ուղղակիորեն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ:

Գլուխ 15-ն անդրադառնում է Սահմանադրության ընդունմանը, փոփոխությանն ու հանրաքվեին: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագծով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ: Հոդված 202-ը սահմանում է, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Հանրաքվեի դրված նախագծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Հոդված 206-ն սահմանում է հանրաքվե անցկացնելու արգելքը, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխների հիմնական դրույթներն այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]