Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոքր Վեդիում բացվեց Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Փոքր Վեդիում բացվեց Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ԱՐՏԱՇԱՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հուլիսի 31-ին տեղի ունեցավ հողի, ջրի եւ բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հագեցած Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արարատի մարզում արդեն երկրորդ եւ ՀՀ-ում նմանատիպ ութերորդ կենտրոնը սպասարկելու է մարզի շուրջ 25 համայնքների 2500-ից ավելի գյուղացիական տնտեսությունների: Այն հողօգտագործողներին եւ գյուղատնտեսներին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր կստեղծի գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք եւ կտրամադրեն սարքավորումներ, պարագաներ, տեղեկատվություն եւ կմատուցեն խորհրդատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ եւ դասընթացներ, ծառայելու է նաեւ որպես գործնական սեմինարների անցկացման վայր` Հայաստանի ազգային ագրարայաին համալսարանի ուսանողների համար: ՀՀ գյուղատբտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կարեւորելով կենտրոնի հիմնումը, ընդգծեց, որ մայիսին նմանատիպ մի կենտրոն է հիմնվել նաեւ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում: «Նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը` ընդգրկելով բոլոր մարզերը, ինչը կխթանի հանրապետությունում բուսաբուծության եւ անասնապահության, այգեգործության զարգացումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, ինչին նպաստելու համար արտասահմանյան կազմակերպությունների շնորհիվ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում»,- նշեց նախարարն՝ ավելացնելով, որ այս ոլորտներում կան տարիներ շարունակ կուտակված խնդիրներ, որոնք աստիճանաբար ստանում են իրենց լուծումը:Ելույթի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, ով ընդգծեց, որ մեծ սիրով համագործակցելով ՀՀ կառավարության հետ` նպաստում են Հայաստանում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` ապահովելով աճը: «Հավատում ենք, որ այս կենտրոնը աճի մեծ ներուժ ունի, ինչը եւ ի նպաստ կդրվի եւ օգտակար կլինի հողօգտագործողի, այգեգործի համար»,-ասաց նա:CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նկատեց, որ կենտրոնի ստեղծման վայրը կարեւորվել է երկու գործոններով. առաջին՝ այն պետք է լինի մայրուղուց ոչ շատ հեռու, որը հնարավորություն կտա հեռու համայնքների գյուղացիներին հեշտությամբ օգտվելու կենտրոնից, եւ երկրորդ` գտնվի այն անձնավորությունը, ով կարողանա այս ամենը բարեխղճորեն եւ ըստ պատշաճի ղեկավարել: «Այս կենտրոնի համար գտնվեց այդ անձնավորությունը` տնօրեն Վիրաբ Մանուկյանը, ով նմանատիպ գործունեություն է ծավալում ոչ միայն այս մարզում, այլ Սյունիքից մինչեւ Շիրակի մարզ»,-ասաց նա:Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր կազմակերպություններին, որոնք նպաստել են կենտրոնի ստեղծմանը՝ նշելով, որ մարզում կա եւս նմանատիպ կենտրոն` Մասիսի տարածաշրջանի Դարակերտ համայնքում: «Լինելով գյուղատնտեսական լուրջ տարածաշրջանում` կենտրոնը կնպաստի մեր մարզում այգեգործությամբ եւ դաշտավարությամբ զբաղվողների թվի ավելացմանը, եւ տարածաշրջանում մշակովի հողերի ավելացմանը»,- նշեց մարզի ղեկավարը՝ հավելելով, որ նախորդ տարի մարզում մշակովի հողատարածքները եղել են 22 հազար 950 հա, որոնցից 1472 հա-ն  այն հողատարածքներն են, որոնք նախորդ տարիներին չեն մշակվել: 2015 թվականին գյուղնշանակության հողատարածքները կրկին ավելացել են: Նա ցանկություն հայտնեց նաեւ, որ նմանատիպ կենտրոն ստեղծվի նաեւ Արտաշատի տարածաշրջանում, որպեսզի այդ տարածքի բնակիչները զերծ չմնան նման մեծագույն հնարավորությունից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքապետ Նորիկ Մուրադյանը իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ մեծ պատիվ է իրենց համար, որ նման կարեւորագույն առաքելություն իրականացնող կենտրոնը գտնվում է հենց իրենց համայնքում, ինչից կարող են օգտվել հարակից համայնքների գյուղացիները: «Այն գտնվում է մայրուղու վրա: Չեմ բացառում, որ օգտվեն նաեւ Վայոց ձորի, Սյունիքի մարզի բնակիչները, որոնք մատուցած ծառայություններից օգտվելու համար ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք»,-ընդգծեց նա:Հյուրերը շրջեցին կենտրոնում, եղան նյութերի եւ սարքավորումների ցուցադրությունների, աշխատակազմի համար նախատեսված սենյակներում, կոնֆերանսների սրահում, պահեստում: Աշխատակիցները ներկաներին ցուցադրեցին այն պարարտանյութերը, սերմերը, աշխատանքային գործիքները, սարքավորումները, ֆերոմենային թակարդները, որոնք ցուցադրված էին վաճառքի նպատակով: Ներկայացվեցին նաեւ հողի խոնավության, թթվայնության, էլեկտարոհաղորդականության, նիտրատների եւ նիտրիդների քանակը չափող սարքավորումները, որոնք շարժական են, եւ թեստերը կարելի է իրականացնել ե՛ւ հողամասում, ե՛ւ կենտրոնում:  Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ   ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Կենտրոնի հիմնման համար ծախսվել է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:Ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կֆինանսավորի եւս երկու կենտրոնների հիմնումը Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում, որոնք կտրամադրեն անասնաբուժական ծառայություններ: «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» հնգամյա ծրագրը Հայաստանում մեկնարկել է 2013 թվականի օգոստոսին` ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ: Գլխավոր նպատակներն են՝ հզորացնել գյուղացիական տնտեսություննեը, գործարար հմտություններ հաղորդել հողօգտագործողին, ծանոթացնել ոլորտի նորարարություններին,  նպաստել վարկային եւ ֆինանսական միջոցների հասանելիությանը, գյուղացիներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, կանանց եւ երիտասարդների համար ստեղծել աշխատատեղեր:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]