Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկել է Քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը

Գյումրիում մեկնարկել է Քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը

ԳՅՈՒՄՐԻ, 30  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում մեկնարկել է Քանդակագործության Գյումրու երկրորդ միջազգային սիմպոզիումը: Հուլիսի 24-ից օգոստոսի 14-ը կայանալիք սիմպոզիումի շրջանակներում 5 երկրի 10 մասնակից շարունակում է համատեղ ստեղծագործել Գյումրիի Իսահակյանի անվան պուրակում: Սիմպոզումն այս տարի նվիրված է Ցեղապանության 100-րդ տարելիցին: Այս ընթացքում իտալացի, բելգիացի, հնդիկ ու բելառուս քանդակագործներն իրենց հայ գործընկերների հետ կերտելու են նույն թեմայի շուրջ՝ «Սրբացյալ կամ մաքառող ընտանիքներ» վերտառությամբ:

Սիմպոզիումի տնօրեն Արթուր Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծագորոծության համար քարը՝ տուֆը, տրամադրվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության տնօրինության կողմից: «Քարը բարձրակարգ է. հրաշալի գույն ունի և հրաշալի մշակվում է: Այս սիմպոզիումի համար կա մեկ շատ կարևոր նորություն՝ մետաղի ու քարի համադրությունը: Քանի որ քարը դեկորատիվ արվեստի հումք է, հետաքրքիր է համադրումը. արվեստագետներն ունեն այդ խնդիրը՝ մետաղը համադրել քարի հետ: Նախաձեռնությունն  իրակնացվում է Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ»,- նշեց Արթուր Գևորգյանը:

 Եթե իտալացի քանդակագործ Ստեֆանո Սաբետայի համար Ցեղասպանության մասին տեղեկատվությունը  մինչ Հայաստան ժամանելն արդեն իսկ հստակ էր, ապա հնդիկ քանդակագործ Գադադհար Օջան հայերի ջարդերի մասին  նոր է իմանում: Թեման երկու արվեստագետների մոտ նույնն է, բայց տարբերվում է արտահայտչականությամբ՝ իտալացի քանդակագործի համար այն «Հույսի ծաղիկ»-ն է, իսկ հնդիկ արվեստագետի պարագայում՝ «Աստիճան դեպի դրախտ»-ը: Հայի անցած ուղին ու վեր հառնված ներկան յուրօրինակ ձևով է ներկայացնելու սիմպոզիումի ամենատարեց՝ 64-ամյա բելգիացի քանդակագործ Թիերի Լաուերսը՝ «Անցյալն ու ապագան»  յուրահատուկ ստեղծագործությամբ: «Ցեղասպանությունը  քաղաքական խնդիրն է՝ կարևոր ամբողջ աշխարհի համար: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: Իմ ստեղծագործության մեջ հենց դա է՝ քարից վեր հառնված ծաղիկը՝ որպես Ցեղասպանության ժամանակ  կորսված սերնդի նոր կյանքի խորհրդանիշ»,- նշեց Ստեֆանո Սաբետտան:

«Ցավոք, ես մինչև Հայաստան գալը չեմ իմացել Ցեղասպանության մասին. այդ առումով սա լավ հնարավորություն էր՝ «բացահայտելու» Հայաստանն ու Ցեղասպանության մասին իմանալ»,- ավելացրեց Գադադհար Օջան:

Բոլոր արվեստագետները ստեղծագործում են իրենց ազգային դասական քանդակագործության տարրերով, բայց ժամանակակից տարրերի համադրությամբ:   Աշխատանքները դեռ թերի ու կիսատ են, բայց արդեն իսկ հստակ է՝ դրանք կլինեն դեկորատիվ արվեստի գործեր, որոնց մի մասը կմնա տեղում՝ ստեղծելով հանգստի լավ գոտի. մեկը կնվիրվի «Գյումրու ծերերի տուն-ինտերնատ»-ին, իսկ մյուսները կհանգրվանեն Քանդակագործության առաջին սիմպոզիումի ժամանակ ստեղծված աշխատանքների կողքին: Բոլոր աշխատանքները մասնակիցներն ինչպես անցած սիմպոզիումի ժամանակ, այս անգամ ևս նվիրելու են Գյումրիին: Բոլոր արվեստագետները «Արմենպրես»-ի հետ զրուցում կարևորեցին համատեղ աշխատանքը, քանի որ բոլորն էլ երկուստեք շահավետ դիրքերում են՝ նորը սովորելու ու բացահայտելու խնդիր ունեն: Քարին շունչ տալ կփորձեն բոլորը, նրանցից յուրաքանչյուրը յուրովի՝ հայկական, իտալական, բելգիական,  բելառուսական, հնդկական քանդակագործության դասական ձեռագրով՝ շաղախված նույն՝ որքան հայկական, նույնքան համամարդկային  թեմայով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]