Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովն ամփոփել է աշխատանքները

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովն ամփոփել 
է աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքները շարունակել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և  Բեյրութի «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Պալյանը:

   ՀՀ  ԳԱԱ  Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Սփյուռքի բաժնի արևմտահայերենի խմբի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լոս Անջելեսի խմբի ուղերձը (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակներն արծարծել են իրենց պատկերացմամբ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներն ու ուղիները, նրանք գտնում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, նորաբանությունների ոլորտում կիրառվելիք սկզբունքներին, ուղղագրությանը և լեզվական այլ իրողությունների: Նրանք համոզմունք են հայտնել, որ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Խումբն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը նպաստող ձեռնարկներին:

Սուսաննա Տիոյանը ներկայացրել է նաև իր՝ «Արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի հարցեր» թեմայով զեկուցումը:

ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն անդրադարձել է արևելահայերեն գեղարվեստական վավերագրության արևմտահայերեն տարրերին:

Լիբանանահայ գրող, մանկավարժ, արևմտահայերեն դասագրքերի հեղինակ Հարություն Քյուրքճյանի «Արեւելաայերեն եւ արեւմտահայերեն լեզուաճիւղերի. Մերձեցումի կարելին ու անկարելին» թեմայով զեկուցումյն ընթերցել է Փարիզի «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Զեկուցման հեղինակը՝ վկայակոչելով սեփական փորձը, ուղենշել է մերձեցման հնարավորությունները, որոնք հիմնված են հայոց լեզվի և հայ մշակույթի անվիճելի միասնության և նրա անցած բազմադարյա պատմության վրա:

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանի զեկուցումն առնչվել է հանրակրթական դպրոցում արևմտահայերենի դասավանդման արդի մարտահրավերներին, նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:

«Այլ կերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը (ԵՊՀ) պատկերաշարով ցուցադրել են մտավոր-ժամանցային խաղերի միջոցով հայերենի պահպանմանն ու կիրառմանը միտված իրենց ծրագիրը:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ԵՊԼՀ դասախոս Գայանե Գևորգյանը:

Ելույթ են ունեցել նաև սփյուռքյան կրթօջախների ուսուցիչներ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սօսէ Փիլավճեանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». Մայրենին անաղարտ պահել»):

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանն անդրադարձել է արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ու միավորման վերաբերյալ տարբեր լեզվաբանների մոտեցումներին, բանավեճերին ու կարծիքներին, մասնավորապես խնդրի վերաբերյալ Հր. Աճառյանի աշխատություններում տեղ գտած ուսումնասիրություններին ու արծարծումներին:

Զեկուցումների շարքը եզրափակվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Քարտաշյանի «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ» հետազոտության ներկայացմամբ:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Համաժողովի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես են եկել  իրենց տպավորությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացրեցին Սուրեն Դանիելյանը, Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, Նշան Որբերյանը, Հակոբ Պալյանը, Ժիրայր Չոլաքյանը, Մանվել Ադամյանը և այլք:

Մասնակիցների հարցերին պատասխանել են Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին, որ ընդառաջել են  հրավերին և իրենց փորձը, կարողություններն ու հնարավորությունները ներդնելու պատրաստակմությամբ եկել մասնակցելու այս չափազանց կարևոր ձեռնարկին, հանդես եկան դիտողություններով, առաջարկություններով ու նոր գաղափարներով, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին:

 Նախարարը նշել է, որ սա սկիզբ էր, թերևս առաջին գործնական քայլն էր, որ արվեց հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ: Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք՝ օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]