Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անալոգայինից թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն տեխնիկապես պատրաստ բնակչության թիվը հայտնի չէ

Անալոգայինից թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն տեխնիկապես պատրաստ 
բնակչության թիվը հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգայինից թվային հեռուստահեռարձակմանն անցնելու գործընթացի վերաբերյալ իրազեկվածության պակասը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն փորձում է լուծել հոլովակների, թեժ-գծի հեռախոսահամարի և տեղեկատվական կայքի միջոցով: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանի խոսքով` անցումը թույլ է տալիս հեռուստաալիքների  թե քանակի, թե որակի աճ ապահովել: «Բացի որակի բարձրացումից, ունենք նաև ալիքների քանակի աճ: Բնակչության շրջանում հետաքրքրվածություն կա: Մենք հնարավորինս փորձում ենք սոցիալական հոլովակների միջոցով գործընթացի մասին տեղեկացնել հանրությանը՝ վարկանիշային երկու հեռուստաալիքների միջոցով: Ամբողջ ընթացքում գործել է մեր ընկերության տեղեկատվական կայքը, որտեղ կա բազմաբովանդակ ինֆորմացիա, հոլովակներ կան, թե ինչպես անցնեն անալոգայինից թվայինի: Տեղեկատու հեռախոսահամար ենք տրամադրել, որ ցանկացած հարցի պատասխանեն մեր մասնագետները, ընդհուպ` նրանք այցելել են տներ ու կարգավորումներ են կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` անալոգայինից թվային հեռուստահեռարձակմանն անցնելու գործընթացի և զարգացումների վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ ասաց Սահակ Դավթյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե մինչ այս պահը Հայաստանի բնակչության քանի տոկոսն է տեխնիկապես պատրաստ թվային հեռուստատեսության անցմանը:

Միջոցառումը կազմակերպել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն` հաշվի առնելով նշյալ գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ գործընթացի օրենսդրական և սոցիալական ասպեկտներին: Նրա խոսքով` 2010-ին փոխվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն, ու դրա պատճառը անալոգայինից թվային հեռարձակմանն անցումն էր: «Ընդունվեց օրենք, որն իր մեջ շատ լուրջ խնդիրներ է պարունակում: Այդ օրենքի պատճառով էր, որ այն ժամանակ Երևանում տեղակայացված  22 համապետական ու մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններից մնացին 18-ը, իսկ մարզերից յուրաքանչյուրում նախատեսվեց թողնել 1 հեռուատաընկերություն, երբ յուրաքաչյուր մարզում կա  3-4 հեռուստաընկերություն: Մնացածները փակվեցին կամ այսօր էլ փակման եզրին են, եթե օրենքը չփոխվի»,- հայտնեց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նշյալ օրենքը լուծում չի տալիս հեռուստաընկերությունների սեփականության թափանցիկության և լիցենզավորման ընթացքի հարցերին: «Մենք հասանք այ բանին, որ միայն վերջին տարիներին պետությունը համաձայնեց, որ օրենքում շատ լուրջ խնդիրներ կան: Դա թույլ չի տալիս ազատականացնել ոլորտը: Դեռ 2010-ին կոմիտեն աշխատանքային խումբ ձևավորեց` մեդիափորձագետների և իրավաբանների ներգրավմամբ, դրան միացան նաև գործընկեր կազմակերպությունները: Անցյալ տարի պատրաստեցինք մի օրինագիծ, որը, մեր պատկերացմամբ, լուծումներ էր տալիս բոլոր խնդիրներին ու հարցերին, որոնք լուծված չեն օրենքում: Մասնավորապես, առանցքային գաղափարը լիցենզավորման պարզեցված ընթացակարգին անցնելն է: Այդ գաղափարի իրականացումը կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների»,- շեշտեց Աշոտ Մելիքյանը:

Նրա տեղեկացմամբ` Կառավարությունը պատրաստել է մի օրինագիծ, որում արտացոլվել են երեք լրագրողական կազմակերպությունների մշակած օրինագծի դրույթները: «Նոր օրինագծում պարզեցված լիցենզավորման ընթացակարգին կողմ են եղել, որը մարզային հեռուստաընկերությունների համար փրկություն է, քանի որ դրանք փակման եզրին են: Բայց, այս պահին անորոշություն է իշխանական ատյաններում. նոր թիմ պետք է ստեղծվի այդ օրինագիծը մշակելու համար, քանի որ թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը կրկին հետաձգելը անհնար է»,- ասաց Աշոտ Մելիքյանը` նշելով, որ առանց ներկայիս օրենքի բարեփոխմանն անցումը խնդիրներ կհարուցի:

ԽԱՊԿ-ի նախագահն անդրադարձավ անապահով ընտանիքներին ապակոդավորող սարքավորումներ տրամադրելու հարցին` նշելով, որ խոսքը գնում է 150 հազար ընտանիքի մասին: «Տրանսպորտի և կապի նախարարությունը մրցույթ է հայտարարել, որով շահող ընկերությունը պետք է ներկրի այդ սարքերը: Դեռ ոչ մի ընկերություն չի հաղթել»,- նկատեց նա:

Աշոտ Մելիքյանը խոսեց նաև բնակչությանը նշյալ գործընթացի մասին իրազեկելու անհրաժեշտության վերաբերյալ` բերելով Էստոնիայի փորձը: «Նրանք բազմաթիվ ուսուցողական ծրագրեր էին իրականացնում դպրոցականների և ուսունողների շրջանում, բուկլետներ էին բաժանում, պատրաստում սոցիալական հոլովակներ: Բացի այդ, սոցիոլոգիական հարցումներ էին անցկացվում, որ ուսումնասիրեն շուկան` հասկանալու համար, թե բնակչության որ մասն ինչպես է վերաբերվում այդ անցմանը, ովքեր են ցանկանում հեռուստացույցները փոխել և այլն»,- ներկայացրեց Աշոտ Մելիքյանը:

Հայաստանում թվային հեռարձակմանն անցումը սահմանված է 2016 թվականի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]