Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընթերցողը քո ուժն է. Արամ Անանյան

Ընթերցողը քո ուժն է. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրությունը չի սիրում ենթադրություններ, լրագրության հիմքը փաստն է: Եթե փաստեր չկան, ապա հիմք էլ չկա: Առանց փաստի կառույցը կքանդվի: Տեսակետն «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանինն է: ԵՊՀ Հայագիտական կենտրոնում սփյուռքի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ժամանակակից լրագրության հիմնախնդիրներին եւ միտումներին, Արամ Անանյանը շեշտեց, որ լրագրությունը չի կարող անմասն մնալ տեխնոլոգիական զարգացումներից եւ անընդհատ պետք է հետեւի նորամուծություններին ու արդիականացվի:

«Սակայն դա չի նշանակում, որ լրագրության կանոնները կամ օրենքները փոխվելու են: Տեղեկատվական տեխնոլոգիաները կփոխեն մատուցման ձեւը, հոդվածները կլինեն ավելի սեղմ, կարճ, սակայն դրանից ո՛չ նյութի բովանդակությունն է փոխվելու, ո՛չ էլ որակը»,- ասաց Անանյանը` հավելելով, որ ցանկացած փոփոխություն պետք է ընդունել օբյեկտիվորեն եւ, հաշվի առնելով իրավիճակը, գտնել լուծումներ:

Մեդիաոլորտում հաջողության գրավականներից մեկն էլ ընթերցողների մասին պատկերացում ունենալն է: Ո՞վ է քո ընթերցողը, ի՞նչ տարիքի է եւ ի՞նչ է ակնկալում քեզանից լսել. սրանք կարեւորագույն հարցեր են, որոնց պատասխանը լրատվամիջոցի անձնակազմը պետք է ունենա: «Քո ընթերցողը քո ուժն է: Նա քո ցանցն է, պետք է միշտ կապի մեջ գտնվել ընթերցողների հետ, պատկերացում ունենալ, թե ով է քո ընթերցողը: Շատ հաճախ ընթերցողը կարող է լինել նաեւ տեղեկատվություն տրամադրող եւ հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ դառնալ աղբյուր»,- ասաց Արամ Անանյանը` հավելելով, որ լրատվամիջոցի եւ լրագրողի համար ամենաթանկը հեղինակությունն է, որը բարձր է ամեն ինչից: Այս առնչությամբ լրատվամիջոցի հեղինակությանը կարող է վնասել գրագողությունը: «Գողացված բովանդակությունը կամ լուսանկարը չի կարող պատիվ բերել որեւէ լրատվամիջոցի: Այլ լրատվամիջոցի հղում անելն ամոթ չէ: Լրագրողի խոսքին պետք է վստահեն, լրագրողի խոսքը պետք է ուժ ունենա, սակայն եթե դու գողանում ես այլ լրագրողի ստեղծած բովանդակությունը, քո հանդեպ հարգանքն ու վստահությունը կորում է»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրությանը եւ բիզնեսին` Անանյանն ասաց, որ բիզնեսի մուտքը լրատվություն կառողջացնի լրատվությունը, եւ բիզնես տրամաբանությամբ շարժվելու պարագայում աշխատանքն ավելի երկար եւ արդյունավետ կլինի: Միաժամանակ «Արմենպրես»-ի տնօրենն ասաց, որ այդ առնչությամբ կան բացառություններ եւ հաճախ լրատվամիջոցը կարող է լինել անհրաժեշտություն: Հետեւաբար մեդիա, բիզնես եւ արժեքներ հասկացությունները պետք է համակցված լինեն եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է իր տեղն ունենա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]