Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մայր Աթոռում տեղի է ունեցել համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունեցել համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Տրդատակամարի մոտից շարժվել է դեպի Բաց Խորան: Այնուհետև Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվել է ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք է ասել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական  համակարգից, Վարդան Սրբազանը, ողջունելով ներկան»րին համայն հայության հոգևոր կենտրոնում` նշել է, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկան 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվել են` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով: Սրբազանը նաև հավելել է, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշեր են:

Ապա մարզական մեկնաբան, հաղորդավար Սլավա Սարգսյանն անդրադարձել է միջոցառման նպատակին և համահայկական խաղերի պատմությանը` արարողության վայր հրավիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը տեղափոխող մարզիկներին:

Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն են եղել Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ  օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը և 2015  թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Դրանից հետո  հաղորդավարն ամբիոնի մոտ է հրավիրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Վերջինս ընդգծել է Համահայկական խաղերի անցկացման կարևորությունը` ներկայացնելով նշանաբանը` «Միասնություն սպորտի միջոցով»: Իշխան Զաքարյանի ելույթից հետո Սլավա Սարգսյանը Բաց Խորանի հարթակի մոտ է հրավիրել համահայկական ջահի ջահակիր մարզիկ, 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանին: Երեք ջահակիրները իրենց  ջահերն իրար են միացրել, և Օգսեն Միրզոյանը վառել է համահայկական ջահը:

Հավարտ ջահը վառելու արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, միասնական Տերունական աղոթքով սկսվել է համահայկական ջահի օրհնության կարգը:

Վերջում ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխացել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը. «Ուրախ ենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աստվածակառույց այս սրբավայրում, մեկտեղված տեսնել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներիդ, որ Հայաստան եք եկել ձեր մասնակցությունը բերելու Համահայկական խաղերին: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում և բերում Մեր օրհնությունն ամենքիդ: Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն  ու մասնակիցնրի թիվը:

Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Այսօր դուք Սուրբ Էջմիածնում եք, նայում եք Արարատին, և Մենք տարակույս չունենք, որ ձեր հոգում ջերմանում է որդիական սերը մեր Եկեղեցու և մեր հայրենիքի հանդեպ: Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Հանդիսավոր այս օրը Համահայկական խաղերի բացումն սկսվում է լույսի փոխանցմամբ: Լույսը մաքրության ու սրբության խորհրդանիշն է: Այնտեղ, որտեղ լույս կա, խավարն ընկրկում է, չարիքը պարտվում, և մեղքը հալածվում: Ավետարանի խոսքի համաձայն ե լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չի նվաճում» (հմմտ. Հովհ. 1.5):

Դիմելով մարզիկներին Նորին Սրբությունը հավելել է. «Սիրելի՛ մարզիկներ, դուք ամենքդ բարձր առաքելություն ունեք՝ լինել ուժեղ ոչ միայն մարմնով, այլ նաև հոգով, լինել լույսի, արդարության ու ճշմարտության ջահակիրներ, սիրո և համերաշխության պաշտպաններ: Թո՛ղ որ ձեր հոգևոր լույսը միշտ պայծառ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Համահայկական խաղերի այս ջահը թո՛ղ զորացնի ձեր միասնությունը: Մարզական այս տոնախմբությունը լավագույն առիթներից է երիտասարդներիդ մտերմության և ընկերական կապերի ստեղծման համար»:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ այս խաղերի իրականացումը՝ հայցելով Ամենազոր Տիրոջից բյուր օրհնություն և նորանոր հաջողություններ ազգանպաստ այս նախաձեռնությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունն է փոխանել բոլոր մարզիկներին՝ մաղթելով նրանց ուժ ու կարողություն, մարզական նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:

Այս առիթով Նորին Սրբությունը նաև բարի երթ է մաղթել համահայկական ամառային 6-րդ խաղերին` վստահություն հայտնելով, որ դրանցում բոլորն են հաղթելու, և այդ հաղթանակը հայ ժողովրդի միասնականության ամրապնդման մեջ է լինելու:

Արարողությանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի մշակույթի, կրթության, մարզական բնագավառի ներկայացուցիչն»ր, Մայր Աթոռի միաբանությունը և ուխտավոր հայորդիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]