Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արագածավանում և Արտենիում ծիրանի ողջ բերքն իրացվել է. գյուղապետերը գոհ են բերքահավաքից

 Արագածավանում և Արտենիում ծիրանի ողջ բերքն իրացվել է. գյուղապետերը գոհ են 
բերքահավաքից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի Արագածավան և Արտենի համայնքներում ծիրանի ողջ բերքն իրացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին համայնքների ղեկավարներն` անդրադառնալով այն լուրերին, թե կարկտահարված ծիրանի բերքը չի մթերվել: Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ խոսակցությունն իրականությանը չի համապատասխանում. համայնքի ծիրանն ամբողջովին իրացվել է, ոչ մի հատիկ գետնին չի մնացել: «Ոչ մի բողոք չկա, ոչ ոք չի եկել, ասել, որ իր ծիրանը չի ծախվում: Ոչ մի խնդիր չի առաջացել»,-նշեց Անդրանիկ Պապիկյանը:

Հարցին, թե որքան ծիրան է մթերվել, համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել: «Ինչքան արտադրվել է, այնքան էլ մթերվել: Թվային տվյալներ չունենք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ծիրանը և՛արտահանվում է, և՛տեղական շուկայում է վաճառվում: «Մեքենաներով Վրաստան են տարել, ինքնաթիռով Ռուսաստան: Մեր համայնքում բերքն այս տարի քիչ էր, երկու անգամ կարկտահարվեց, մեկ անգամ էլ ցրտահարվեց, բայց ամբողջ ծավալն իրացվեց»,-վստահեցրեց համայնքի ղեկավարը:

Արտենի համայնքի ղեկավար Գեղամ  Խլղաթյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր ծիրանատերերին հատիկ -հատիկ հարցրել են մթերման վերաբերյալ: «Այս 10 օրը ծիրան չունենք, բայց մինչև հիմա Վրաստանից, ուրիշ տեղերից գալիս են, որ ծիրան տանեն: Վերջացել է: Երևի նման հաջողված բերքահավաք ու իրացում ոչ մի տարի չենք ունեցել: Մրցակցություն է եղել, և շատ լավ իրացվել է: Մի 2000 տոննայի չափ մթերվել է»,-նշեց նա՝ հավելելով, որ ծիրանի հիմնական մասն արտահանվել է, հիմնականում Ռուսաստան և Վրաստան:

Հանրապետությունում գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքներ։ Հուլիսի 22-ի դրությամբ, Գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով: Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից:   Հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]