Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի մասնագետները ՀՀ-ին կփոխանցեն արտակարգ իրավիճակների ոլորտի փորձառությունը

ԱՄՆ-ի մասնագետները ՀՀ-ին կփոխանցեն արտակարգ իրավիճակների ոլորտի փորձառությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից,  ուսումնավարժության ընթացքում առաջին անգամ գործարկվելու է աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը:

Ուսումնավարժությունը կազմակերպել է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:

Բացման խոսքում ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումներն արդյունք են ՏԿԱԻՆ ու դեսպանատան միջև ձևավորված ակտիվ համագործակցության: Ն. Գրիգորյանը կարևորել է աղետների դեպքում արդյունավետ և գրագետ արձագանքման կազմակերպումը, ինչի շնորհիվ, ըստ նրա` հնարավոր կլինի փրկել կյանքեր, մշակութային արժեքներ և էկոհամակարգեր: 

«1988 թ. Սպիտակի ավերիչ երկրշարժի ժամանակ ոչ մեկս իրազեկված չէինք` ինչ և ինչպես անել: Երկրաշարժի հետևանքով առաջած սպիներն ու վերքերը բաց են միչն օրս: Այդ ժամանակ մենք չունեինք աղետների դեմ պայքարի հստակ մեխանիզմներ, և կար հանրային իրազեկման մեծ պակաս, մինչդեռ այսօր ոչ միայն արձագանքման միջոցներն են բարելավվել, այլև՝ մշակվում է կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականություն: Այս վարժանքի ընթացքում կխաղարկենք, թե ինչպես են ՄՄԼԿ անդամներն արձագանքում ուժեղ երկրաշարժի դեպքում: Պարզ կլինի, թե ՏԿԱԻ նախարարությունը ինչպես կկազմակերպի հանրային իրազեկումը, ինչպես նաև` ինչ արդյունավետությամբ է յուրաքանչյուր կառույց ստանձնում իրեն բաժին հասած դերը: Արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու համար երկիրը պետք է խոսի մեկ լեզվով», - եզրափակել է Ն.Գրիգորյանը:

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դևաի Ուոնգը շնորհակալություն է հայտնել ուսումնավարժանքին ամերիկյան կողմին հրավիրելու համար և նշել, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ համագործակցության հարուստ փորձ ունի` մասնավորապես ԱԻ ոլորտում: 

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է նման վարժանքի կազմակերպումը, և մշտապես պատրաստ ենք աջակցել ոլորտի հայ մասնագետներին աղետների ռիսկի նվազեցման, հանրային իրազեկման քաղաքականության մշակման և իրականացման գործում: Մեզ հետ ԱՄՆ-ից եկել են փորձառու մասնագետներ, ովքեր պատրաստ են կիսել իրենց գիտելիքներն ու փորձառությունը», - նշել է Դ. Ուոնգը:

Վարժանքի առաջին օրը հատկացված էր ուսումնավարժության սցենարի, իրավիճակի զարգացման պլանի և միջանկյալների ներկայացմանն ու քննարկմանը, ինչպես նաև` աշխատանքային խմբերի ձևավորմանը: Քննարկմանը մասնակում էին նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:

Առաջին անգամ գործարկվող աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը: Նախատեսվում է, որ ՄՄԼԿ-ի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից, ովքեր իրավասու կլինեն իրենց լիազորած մարմնի կողմից լրատվական կենտրոնին ներկայացնել ԱԻ արձագանքմանը նպաստող տեղեկատվություն: Լրատվական կենտրոնի հաջորդ կարևոր խնդիրը զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ փոխգործակցությունն է:

Հուլիսի 8-ին կմեկնարկի ուսումնավարժության երկրորդ փուլը, որին մասնակցելու են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները:

Սցենարի համաձայն` տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ «զոհեր, տուժածներ և անօթևան» մարդիկ: Ստեղծվելու է «թեժ գիծ», գործելու է հատուկ կայքէջ, «աղետի գոտուն» կից ծավալվելու է նաև շարժական լրատվական կենտրոն, որը «դեպքի վայրում» կապահովի լրատվամիջոցների աշխատանքը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]