Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չայկովսկու անվան մրցույթի հայ դափնեկիրը պատրաստվում է համերգային ակտիվ գործունեության

Չայկովսկու անվան մրցույթի հայ դափնեկիրը պատրաստվում է համերգային ակտիվ 
գործունեության

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթում 3-րդ մրցանակին արժանացած երգչուհի Մանե Գալոյանը հեղինակավոր իրադարձությունից Հայաստան է վերադարձել: «Արմենպրես»-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհին նշեց, որ ամեն մրցույթից հետո նոր ծանոթություններ, նոր զգացողություններ, փորձ, կապեր է ձեռք բերում:

«Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խոսքերով բնութագրել զգացությունները: Մենք արդեն եզրափակիչ էինք անցել և գիտեինք, որ ամեն մեկս ինչ-որ մրցանակ ենք ստանալու, մտածում էի՝ հանկարծ չորրորդ հորիզոնական չզբաղեցնեմ, որովհետև առաջին երեք տեղերը մեդալներ էին ստանում, իսկ չորրորդը՝ պարզապես մրցանակ և դիպլոմ: Երբ հայտարարեցին, որ չորրորդ հորիզոնականում ես չեմ, հասկացա, որ երրորդ մրցանակն իմն է: Ես ամենափոքրն էի, չէի կարծում, որ առաջին կամ երկրորդ մրցանակը կստանայի»,-նշեց երգչուհին: Մանե Գալոյանի խոսքով՝ ինքն արդեն իսկ հասցրել է մասնակցել միջազգային մրցույթների ԱՄՆ-ում, Չինաստանում:

«Մրցույթի հետ կապված երևի համերգներ կլինեն, առայժմ տեղյակ չեմ, ամեն ինչ որոշում է մաեստրո Վալերի Գերգիևը, սպասվում է համերգային ակտիվ գործունեություն:  Բացի այդ, պետք է ավարտեմ կոնսերվատորիան, սովորելու եմ մագիստրատուրայի երկրորդ կուրսում»,-հավելեց նա:

Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթն այս տարի հոբելյանական էր՝ թվով 15-րդը և նվիրված էր ռուս մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին:  Չայկովսկու անվան միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի սպասված իրադարձություններից է: Առաջին անգամ այն կայացել է Մոսկվայում` 1958 թվականին: Հայազգի երաժիշտներից այս մրցույթի տարբեր տարիների դափնեկիր են հռչակվել երգիչներ Սարգիս Գույումջյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարիա Գուլեգինան, Բարսեղ Թումանյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Մովսես Պողոսյանը, թավջութակահարներ Լևոն Մուրադյանը, Սուրեն Բագրատունին, Նարեկ Հախնազարյանը և այլքՉայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել 623 երաժիշտ-կատարող 45 երկրից: Հայաստանը հոբելյանական մրցույթին ներկայացված էր 3 մասնակցով, ովքեր հանդես էին գալիս «Մեներգեցողություն» անվանակարգում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր սոպրանո Մանե Գալոյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան), Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի 2015 թ. շրջանավարտ բաս Հովհաննես Ներսեսյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Գևորգ Հակոբյանի դասարան), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյանը (տենոր):
Երիտասարդ տաղանդավոր երգչուհի Մանե Գալոյանը հիանալի է հանդես եկել մրցութային պայքարի բոլոր փուլերում և արժանացել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ ստանալով բրոնզե մեդալ և 10.000 ԱՄՆ դոլար
Մրցույթի դափնեկիրների շարքում էր նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը, ով նույնպես արժանացավ Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]