Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են աշխարհի տարբեր քաղաքներում։ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի ինտենսիվությունը նվազել է, սակայն Բաղրամյան պողոտան փակ է մնում։ Իսկ Հունաստանի տնտեսությունն ապրում է իր ոչ լավագույն ժամանակահատվածը։ 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հուլիսի 1-2-ը տեղի ունեցավ երիտասարդ արևելագետների 36-րդ հանրապետական գիտական նստաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալիայի Բոլոնիա քաղաքում ընթացող «Cinema Ritrovato» կինոփառատոնի շրջանակում հուլիսի 1-ի երեկոյան ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմ:

Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում hունիսի 27-ին տեղի է ունեցել Նիդերլանդների մեկօրյա դպրոցների հարթակի 2014-2015 ուսումնական տարվա տարեվերջյան միջոցառումը՝ «Մեր արյան անգինը» խորագրով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացել է «Հայկական օր» խորագրով միջոցառումը:  

 «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում կանցկացվի պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես: Այս մասին հուլիսի 1-ին տեղեկացրին ծրագրի նախաձեռնողները՝ ներկայացնելով կատարած աշխատանքները:

Ֆրանսահայ հայտնի գրող, Elle ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանի ընտանիքի պատմությունը հայտնվել է ֆրանսիական մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում: «Օտարերկրացին» գիրքն արժանացել է ամենամյա «Մադամ Ֆիգարո» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Թորանյանն իր գրքում պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված տատիկի` Աղավնու մասին:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից: 

ԼՂ հակամարտություն 

Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքի բնակիչները հունիսի 28-ին հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց` բողոքելով ադրբեջանական ագրեսիայի դեմ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 29-ին այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում Ադրբեջանը կարող է իրավիճակը կտրուկ լարել: Պաշտպանության նախարարությունում չեն բացառում դեպքերի նման ընթացքն ու շեշտում, որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են հակահարված տալ, այլեւ բազմապատիկ ավելի անգամ պատժել: Իսկ Ֆրանսիան քննադատում և ցավում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների, բռնության ցանկացած դրսևորման համար:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր: ԱԺ փոխնախագահը մասնավորապես դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը եւ անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը:

Հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն, իսկ դա այսօր իրականացվում է հայկական բանակի մարտունակության, մեր զինուժի մարտական կարողությունների կատարելագործման շնորհիվ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում(ԵԽԽՎ) «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը որքան ժամանակ է, ինչ նախապատրաստական փուլում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կժամանեն տարածաշրջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է հղել Նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը անդրադարձ է կատարել վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:  Վեհափառ Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն է արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Ազատության հրապարակում հունիսի 28-ին` ժամը 23.50-ի սահմաններում, հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել էին մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի աճի պատճառով տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը». հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ է վարել: Այդ մասին հունիսի 29-ին գրում էր «Կոմերսանտ» թերթը: Սակայն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հերքեց այդ տեղեկատվությունը։

Հոսանքի թանկացման դեմ երիտասարդների սկսած պայքարը յուրաքանչյուր քաղաքացու սրտով էր և վերաբերում էր բոլորին: Երիտասարդները կարողացան արդար գործ կատարել սոցիալական խնդրի լուծման համար, որը անհրաժեշտ էր նաև պետությանը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` ընդգծելով, որ ինքն իր գլխով է պատասխանատու Ազատության հրապարակ գնացած յուրաքանչյուր երիտասարդի համար: Նա նշեց նաեւ, որ Դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտոնյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կարծում է, որ Բաղրանյան պողոտայում որոշ ուժեր ցանկանում են սոցիալական պահանջը տեղափոխել քաղաքական դաշտ: Շուշանյանը նաեւ ներկայացրել է շարժման հետագա քայլերը

Էլեկտրաէներգիայի ոլորտում ստեղծված վիճակը կառավարության  կարևորագույն խնդիրներից է, և գործադիրն ամեն ինչ պետք է անի այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Հունիսի 30-ին «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը կատարելու է ոչ բյուջետային միջոցներով: Կառավարությունը նաեւ մոտակա օրերին կորոշի, թե աուդիտորական որ ընկերությունը ուսումնասիրություն կանցկացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ իրենց պայքարը քաղաքական չէ և իրենք պայքարում են միայն էլեկտրաէնորգիայի թանկացման որոշման դեմ: Նրանք կոչ են անում փորձ չանել կեղտոտելու այն լուսավոր պայքարը, որ իրենք ձևավորել են:

Ցուցարարների եւ լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հուլիսի 1-ին Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից տարավ ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի: Նրանք մի քանի ժամ շարունակ պողոտայում նստացույց անողների մոտ խմել են գարեջուր, վիճաբանել, հրաժարվել լքել տարածքը: Ոստիկանները ստիպված են եղել նրանց տարածքից հեռացնել ոստիկանական մեքենայով:

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի բարդ իրավիճակը, որտեղ հոսանքի գնի բարձրացման որոշումն առաջացրեց բողոքի զանգվածային ցույցեր, ունի բացառապես տնտեսական, և ոչ քաղաքական պատճառներ: Այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը: 

Հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: 

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման  վարկից որևէ լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով առաջացող բեռի փոխհատուցմանը: Այս մասին ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հետևանքով Հայաստանում սկսված բողոքի ակցիաները բացարձակապես տնտեսական բնույթ ունեն, սակայն փորձ է արվում քաղաքականացնել դրանք: Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հուլիսի 2-ին հույս հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ կհեռացնեն աղբամանները և կբացեն պողոտան: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէենգրայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները կրկին կոչ են անում չքաղաքականացնել ակցիան և, բացի հայկական եռագույնից, այլ դրոշ չծածանել: ԵՄ դրոշներով Բաղրամյան պողոտա էր ժամանել ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ցուցարարները նրան հորդորեցին հեռացնել ԵՄ դրոշները: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ որևէ մեկին թույլ չեն տալու քաղաքականացնել բողոքի ակցիան և  հորդորեցին Պարույր Հայրիկյանին հեռացնել ԵՄ դրոշը, քանի որ հայկական դրոշից բացի, այլ դրոշ չպետք է ծածանվի ակցիայի ընթացքում:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երևանի Բաղրամյան պողոտայում ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի արդյունքում երեք կարևոր ձեռքբերում է առանձնացնում:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հուլիսի 3-ին հարուցվել է քրեական գործ: 

Հունաստան 

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 29-ին հանդես եկավ Հունաստանի համար նոր առաջարկություններով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարեց, որ Հունաստանն ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց, եթե նրա ժողովուրդը հանրաքվեում մերժի միջազգային վարկատուների առաջարկությունները:

Եվրոպայի բանկերի բաժնետոմսերի գնանշումները հունիսի 29-ին կտրուկ իջնում են, սակարկությունների ընթացքում տարածաշրջանի բանկային հատվածի միագումար կապիտալացումն ավելի քան 40 միլիարդ եվրոյով նվազել Է այն բանից հետո, երբ Հունաստանը սահմանափակիչ միջոցներ Է մտցրել։

Միացյալ Նահանգները Եվրոպայի իր գործընկերների հետ միասին մտադիր Է ջանքեր գործադրել Հունաստանի պարտազանցում թույլ չտալու եւ նրան  եվրոգոտում պահելու համար: Standard and Poors վարկանիշային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ  ռեյտինգն իջեցրել Է մեկ աստիճանով՝ CCC-ից մինչեւ CCC-` բացասական կանխատեսմամբ: 

Հունաստանն սպառնացել Է  դատի տալ Եվրամիության ինստիտուտներին, որպեսզի արգելափակի երկրի վտարումը եվրոգոտուց եւ կանգնեցնի Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից Հունաստանի բանկային համակարգի խարխլումը:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հունիսի 30-ին հեռախոսով քննարկել են վիճելի հարցերի շուրջ համաձայնության հասնելու վերջին հնարավորությունը: Այդուհանդերձ, Հունաստանը հունիսի 30-ին ԱՄՀ-ին չի փոխանցի հատկացված վարկերի գծով պարտքի մասը: Այս դիրքորոշման անփոփոխությունը լրագրողներին հավաստել Է երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

Հունաստանն օրինական իրավունք ունի հանրաքվե անցկացնել վարկատուների առաջարկությունների շուրջ: Այդ մասին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում: Եթե հույները հանրաքվեում դեմ քվեարկեն վարկատուների առաջարկություններին, Եվրամիությունում կստեղծվի անորոշության աննախադեպ իրադրություն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Հունաստանի կառավարությունը վարկատուների հետ գործարքը կկնքի հուլիսի 5-ի հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում: Այդ մասին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է տեղական «Անտենա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գերմանիայի քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, որ Հունաստանը պետք Է ԵՄ-ի կազմում մնա նույնիսկ այն դեպքում, եթե հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեում ընտրողները դեմ քվեարկեն բարեփոխումների փաթեթին: Իսկ հույների 74 տոկոսը ցանկանում Է, որ Աթենքը պահպանի անդամակցությունը Եվրոպական միությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]