Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ծիրանափող» ՀԿ-ն իրականացնում է Շիրակում արեւմտահայության մշակույթի պահպանության ծրագիր

«Ծիրանափող» ՀԿ-ն իրականացնում է Շիրակում արեւմտահայության մշակույթի պահպանության ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում,«Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է  «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արեւմտահայության մշակույթի հանգրվան» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել  է արշավախումբ՝ մարզի տարբեր համայնքներում արդեն մոռացված ու անհայտ երգերը հավաքելու, դրանք նոտագրելու նպատակով: Ծրագրի նպատակն  է նպաստել հայ ազգային ու մշակութային  կարևորագույն արժեքների պահպանմանն ու երիտասարդ  սերնդի շրջանում դրանց տարածմանը:

Պատմական իրադարձությունների բերումով, 20-րդ դարի սկզբում, Մեծ եղեռնի ահեղ տարիներին, Շիրակը դարձավ ազգային վառ դիմագիծ կրող արևմտահայության մի զգալի հատվածի հանգրվանը, որտեղ  հնարավոր եղավ  կորստից փրկել և պահպանել հայ մշակույթի՝ազգագրության և բանահյուսության հարուստ ժառանգությունը:

Շիրակի մարզի  20 համայքնում արդեն հավաքագրվել է մոտ 100 երգ՝ տարբեր ժանրերի՝ պանդխտության, օրորոցային, ծիսական, աշուղական պարերգ և այլն: Դրանք բոլորը նոտայագրվել են, իսկ դրանցից 10-ը ընդգրկվել ժողովածուի մեջ:

Ծրագիրը ամփոփելու նպատակով, Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում, հուլիսի 3-ին  տեղի ունեցավ  համերգ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում ոչ միայն  նվագախմբի երգիչները, այլ նաև բանասացներից երկուսը ներկայացրեցին ծրագրի շրջանակներում հավաքագրված երգերը: Համերգը նվիրվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արժեվորելով կատարված անգնահատելի աշխատանքը՝ երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց, որ սա հրաշալիորեն պահպանված տիպական երգային նմուշները կորստից փրկելու հրաշալի ծրագիր է: «Սա յուրահատուկ հարգանքի տուրք  է մեր նախնիներին և նրանց ժառանգներին: 1915թ. Ցեղասպանության վերապրածների ժառանգները՝ որպես կորուսյալ հայրենիքի երաժշտական բանահյուսության կրողներ, պահպանում են ժողովրդական երաժշտական ստեղծագործության բազմաժանր նմուշներ: Որպես երաժշտագետի՝ ինձ համար բացահայտում է, որ շատ ժանրեր, որոնք մեր կարծիքով մոռացված էին՝ կան, ավելին՝ դրանց հիման վրա ստեղծվում  են նորերը: Մենք պետք է այնպես անեք, որ այդ թելը չկտրվի»,- նշեց Հասմիկ Հարությունյանը՝ կարևորելով այն կարևոր գործը, որ ձեռնարկվել են ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանի  և ծրագրի մշակութային պատասխանատու Կարեն Մայիլյանի նախաձեռնությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]