Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, հուլիսի 4-ին հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ-ամերիկյան գործընկերային սերտ և բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար:

Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ: Համոզված եմ, որ նման ձեռքբերումներն ի զորու են խթանել և զգալիորեն առաջ մղել մեր համագործակցությունը: Մենք կշարունակենք առավելագույն ջանքեր գործադրել՝ նպաստելու մեր երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:

Մեծապես արժևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակնկալում, որ ԱՄՆ-ը կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն և հարատև խաղաղության:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]