Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ Վարչապետը Ֆրանսիայի ԱԺ նախագահին շնորհակալություն է հայտնել Ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար

ՀՀ Վարչապետը Ֆրանսիայի ԱԺ նախագահին շնորհակալություն է հայտնել  Ցեղասպանությունը 
օրենքի ուժով ճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 3-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են նաև  երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերը և Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ և հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի, և թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:  Նա կարևոր է համարել  այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակություն­ների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաև Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», - նշել է վարչապետը։  Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանա­կանների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ: «Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող  խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու  Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող  նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին  այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպության շրջանակներում  տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել  մեր բարեկամությունն ու ընդլայնել  համագործակցությունը», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և այս համատեքստում վարչապետը արժևորել է  Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակ­ցության զարգացման գործում:  Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահի մակարդակով մասնակցությունն Արևելյան գործընկե­րության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:

Կողմերը կարևորել են նաև միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]