Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից,  միջպետական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:

Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612,8 մլն դրամ նախահաշվային արժեքով: 2014թ. փետրվարի  27-ին   «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519 մլն 759 հազար 908 ՀՀ դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետի խախտման հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել:
2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն`  աշխատանքներն իրականացրել է «Խաչհար» ՍՊ ընկերությունը։ Կապալի պայմանագրի արժեքը կազմել է 356 մլն 341 հազար  937 ՀՀ դրամ: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին: Սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց
հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել ճանապարհի կառուցման աշխատանքները:

«Խաչհար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. հուլիսի վերջը: Կապալառու ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 2014թ. կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:

Կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի
վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված
նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք
անվտանգությունը: Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկի համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները,
որոնց լայնությունը 10-12 մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով մեծ
բեռնատարների շարժը: Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։

Ճանապարհի կառուցման աշխատանքների ողջ ընթացքը գտնվել է Հայաստանի
Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո:

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով՝ կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը, ճանապարհը հուսալի է, կառուցված է որակով։ Ճանապարհի կառուցման ընթացքում կիրառվել են նորարարական մոտեցումներ: Մասնավորապես՝ ասֆալտը պատրաստվել է տեղում՝ իտալական սարքավորումներով շարժական գործարանում, ինչի արդյունքում մի քանի անգամ արագացել է ասֆալտի փռման գործընթացը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշել է, որ անվտանգության նկատառումներով կառուցված պատի դիրքն ընտրվել է տևական ուսումնասիրությունների արդյունքում: «Հիմա ադրբեջանական դիրքերից դեպի ճանապարհ տեսադաշտը փակ է»,- հավելել է նա:

Ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են շինարարների աշխատանքից «Ճանապարհը շատ լավն է, որակով, կարևորը՝ անվտանգ է»,- ասել են նրանք։

Ճանապարհի կենսական կարևորությանն է անդրադարձել նաև Վազաշեն համայնքի
գյուղապետ Լորիկ Բադիրյանը: «Այս ճանապարհը բավականին մեծ նշանակություն ունի մեզ համար, ժողովրդի հանգստության համար։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ Ադրբեջանի կողմից դիպուկահարները վնասել են մեր բնակիչներին»,- ասել է նա:

Կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը 3 տարի է, որից հետո այն
կհանձնվի պահպանության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]